«Cell» ամսագրում հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թենոֆովիր և դոլուտեգրավիր դեղամիջոցները, որոնք օգտագործվում են ՄԻԱՎ-ի բուժման համար, արդյունավետորեն ճնշում են քիչ հայտնի HTLV-1 վիրուսի փոխանցումը, որն ունակ է արյան քաղցկեղ առաջացնել։

Փորձի ընթացքում օգտագործվել են «հումանիզացված» մկներ, որոնց իմունային համակարգը փոխառված է եղել մարդկային բջիջներից։ Երկու դեղամիջոցներով բուժման կուրսից հետո վիրուսը գրեթե դադարեցրել է իր ակտիվությունը T-բջիջների ներսում։

Գիտնականների խոսքով՝ HTLV-1-ը կարելի է համարել ՄԻԱՎ-ի «ազգակիցը», քանի որ այն ախտահարում է իմունային համակարգի նույն բջիջները։ Վիրուսը կարող է երկար տարիներ մնալ օրգանիզմում՝ աստիճանաբար առաջացնելով ծանր հետևանքներ, այդ թվում՝ T-բջջային լեյկեմիա (արյան քաղցկեղի տեսակ) և ողնուղեղի քրոնիկական բորբոքում։

Հետազոտության ընթացքում գիտնականները փորձարկել են նաև նոր մոտեցում՝ հակավիրուսային դեղամիջոցների զուգակցումը MCL-1 սպիտակուցի բլոկատորների հետ, որը պատասխանատու է վարակված բջիջների գոյատևման համար։ Այս համակցությունը թույլ է տվել ընտրողաբար ոչնչացնել վարակված բջիջները՝ չազդելով առողջ բջիջների վրա։

«Սա հույս է տալիս ոչ միայն HTLV-1-ի կանխարգելման, այլև արդեն վարակված հիվանդների հնարավոր բուժման համար», - եզրակացրել են ուսումնասիրության հեղինակները։