Հուլիսի 28-ին ողջ աշխարհում նշվում է Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրը։ Հեպատիտը հիվանդություն է, որն ամեն տարի միլիոնավոր մարդկանց կյանք է խլում։ Այս օրը նպատակ ունի ևս մեկ անգամ հիշեցնել հեպատիտի բոլոր ձևերի կանխարգելման, վաղ ախտորոշման և ժամանակին բուժման կարևորության մասին։ Չնայած բժշկության մեջ ձեռք բերված նվաճումներին՝ շատերը մինչ օրս տեղյակ չեն իրենց ախտորոշման մասին և վտանգում են ոչ միայն իրենց, այլև շրջապատի առողջությունը։
Հայաստանում հեպատիտի, ՄԻԱՎ-ի և սիֆիլիսի համար անվճար հետազոտություններ են անցկացվում
Հեպատիտի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում Հայաստանում կազմակերպվել է լայնածավալ պրոֆիլակտիկ ակցիա։ Ինչպես հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Օհանյանը՝ հուլիսի 28-ին Երևանում, Գյումրիում և Վանաձորում տեղակայվել են շարժական կլինիկաներ, որտեղ յուրաքանչյուր ցանկացող անձ կարող է անվճար, անվտանգ և անանուն հետազոտություն անցնել՝ վիրուսային հեպատիտների, սիֆիլիսի, ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ-ի առկայությունը պարզելու համար։
Օհանյանի խոսքով՝ հետազոտությունները և բժիշկների խորհրդատվությունները հասանելի են բոլորին՝ անկախ քաղաքացիությունից։ Բացի այդ, այցելուներին կտրամադրվեն բժշկի մասնագիտական խորհրդատվություններ՝ այդ հիվանդությունների կանխարգելման և բուժման վերաբերյալ։
«Մենք զննում ենք բոլոր նրանց, ովքեր ցանկանում են, քանի որ խոսքը սոցիալապես նշանակալի հիվանդությունների մասին է՝ վարակների, որոնք կարող են վտանգ ներկայացնել ոչ միայն անձի, այլև ուրիշների համար։ Այսպիսով, մենք միաժամանակ հոգ ենք տանում անհատ քաղաքացիների առողջության մասին և կանխում վարակի տարածման հնարավոր շղթաները», - ընդգծել է նա։
Նմանատիպ ակցիաների կարևորության մասին խոսելիս՝ Օհանյանը նշել է, որ այնպիսի վարակիչ հիվանդություններ, ինչպիսիք են B և C հեպատիտները, ՄԻԱՎ-ը և սիֆիլիսը, կարող են երկար ժամանակ չցուցաբերել անախտանիշներ։ Մարդը կարող է լինել վարակակիր և չկասկածել այդ մասին, քանի որ չունի որևէ գանգատ, որը կարող է հանգեցնել բժշկի մոտ նրա այցին։ Ահա թե ինչու են նմանատիպ կանխարգելիչ միջոցառումները կարևոր դեր խաղում ամբողջ աշխարհում։ Վարակի վաղ հայտնաբերումը թույլ է տալիս ժամանակին սկսել բուժումը, խուսափել ծանր բարդություններից և պահպանել հիվանդի կյանքի որակը։ Հեպատիտի դեպքում սա հատկապես կարևոր է, քանի որ քրոնիկ ընթացքի դեպքում հիվանդությունը կարող է հանգեցնել լյարդի ցիռոզի կամ քաղցկեղի։
Ռիսկի գոտին ավելի լայն է, քան սովորաբար կարծում են
Ռիսկի խմբերի շարքում ավանդաբար նշվում են անկանոն սեռական կյանք վարողները, ներարկային թմրամիջոցներ օգտագործողները և սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Սակայն ցուցակը դրանով չի սահմանափակվում։
Բարձր ռիսկի խմբում են նաև այն անձինք, ովքեր արյան փոխներարկում կամ վիրահատական միջամտություններ են ունեցել, պարբերաբար այցելել են ատամնաբույժներին, մատնահարդարման և ոտնահարդաման սրահների հաճախորդները, դաջվածքներ կամ պիրսինգ ունեցողները, ինչպես նաև B հեպատիտով հիվանդների ընտանիքի անդամները։ Թեև B հեպատիտի կենցաղային փոխանցումը քիչ հավանական է համարվում, սակայն գործնականում համատեղ բնակությունը և կենցաղային իրերի ընդհանուր օգտագործումը կարող են ռիսկի գործոն դառնալ, հատկապես ցածր իրազեկվածության և կանխարգելման բացակայության պայմաններում, նշել է Օհանյանը։
Հեպատիտով կարող է վարակվել ցանկացած մարդ և այն կարող է բուժվել
Այսօր վիրուսային հեպատիտից ապահովագրված չէ ոչ ոք։ Վարակումը հնարավոր է նույնիսկ ռիսկի ավանդաբար հայտնի խմբերից դուրս։ Սակայն կարևոր է հասկանալ, որ ժամանակին ախտորոշման և բուժման ճիշտ մոտեցման դեպքում հիվանդությունը ենթակա է լիարժեք բուժման՝ 3-6 ամսվա ընթացքում։
Ինչպես հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը՝ 2020 թվականի դեկտեմբերից Հայաստանում իրականացվում է C հեպատիտով պացիենտների բուժման պետական ծրագիր։ Դրա շրջանակում պացիենտներն անվճար ստանում են ժամանակակից հակավիրուսային դեղամիջոցների ամբողջական կուրս։ Այս դեղամիջոցները վիրուսի գենոտիպավորում չեն պահանջում. դրանք արդյունավետ են՝ անկախ գենոտիպից, ինչը պարզեցնում և արագացնում է բուժման սկիզբը։
Մարինե Հարությունյանի խոսքով՝ 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2025 թվականի հունվար ընկած ժամանակահատվածում ծրագրի շրջանակում բուժում է ստացել 3300 պացիենտ, որոնցից 95%-ը (3135 մարդ) ամբողջությամբ բուժվել է։ Հարությունյանը նշել է, որ հիվանդության ուշ հայտնաբերման դեպքերում թերապիայի արդյունավետությունը կազմում է շուրջ 75%, մինչդեռ վաղ դիմելու դեպքում ապաքինման ցուցանիշը հասնում է 95%-ի։ Մինչ այս ծրագրի մեկնարկը՝ բուժման հասանելիությունը սահմանափակ է եղել. թանկարժեք դեղամիջոցները չեն ներառվել պետական պատվերի մեջ և շատ պացիենտներ, նույնիսկ ախտորոշման մասին իմանալով՝ չեն դիմել բժշկական օգնության։ Այսօր այդ իրավիճակը կտրուկ փոխվել է։
Հեպատիտ B-ի դեմ պատվաստումային ծրագիրը առանց վարակի ապագա սերնունդ ունենալու գրավականն է
1999 թվականից ի վեր Հայաստանում հեպատիտ B-ի դեմ պատվաստանյութը ներառվել է իմունիզացիայի ազգային ծրագրում։ Վակցինի առաջին չափաբաժինը նորածիններին ներարկվում է ծնվելուց հետո 24 ժամվա ընթացքում։ Նորածինների գրեթե 100%-ի պատվաստումների ցուցանիշի շնորհիվ մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների շրջանում այս հիվանդության դեպքերը գործնականում չեն գրանցվում։
Այսպիսով, ինչպես C հեպատիտի բուժման, այնպես էլ B հեպատիտի կանխարգելման հարցերում Հայաստանը ցուցաբերում է հետևողական և արդյունավետ մոտեցում, ինչը նպաստում է առողջ հասարակության ձևավորմանը։






