2024 թվականի արդյունքներով Ռուսաստանում արձանագրվել է հեպատիտ C-ի 51 հազար նոր դեպք։ Այս մասին հուլիսի 28-ին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբան Վլադիմիր Չուլանովը։ Նրա խոսքով՝ այդ մարդկանց մեծ մասը «վարակվել է վաղուց՝ անբարենպաստ տարիներին», իսկ հայտնաբերել հնարավոր է եղել միայն այժմ։ Ընդ որում, նախորդ տարի պաշտոնյան հայտնել է, որ 2023 թվականին Ռուսաստանում գրանցվել է քրոնիկ հեպատիտ C-ի ավելի քան 46 հազար դեպք։
Ե՛վ անցյալում, և՛ հիմա Վլադիմիր Չուլանովը նշել է, որ նոր հայտնաբերված հեպատիտ C-ի դեպքերի թվի աճը վերջին տարիներին պայմանավորված է սքրինինգային (զննման) ծավալների ավելացմամբ, մասնավորապես՝ պլանային դիսպանսերիզացիայի (կանխարգելիչ հետազոտությունների) շրջանակում։ Միևնույն ժամանակ, ըստ Ռոսպոտրեբնադզորի տվյալների, որոնք հրապարակել է ՌԲԿ-ն՝ 2024 թվականին հեպատիտ C-ի հիվանդացությունը (դեպքերի 80%-ը դառնում է քրոնիկ) յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով կազմել է 34.86։ Սա ավելի բարձր է, քան 2023 թվականի ցուցանիշը՝ 31.63 (իսկ 2022-ին այն եղել է 23.23)։
2024 թվականի վերջին հայտնի է դարձել, որ իշխանությունները նախատեսում են ճշգրտել հեպատիտ C-ի բուժման ֆինանսավորման ցուցանիշները պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) համակարգի միջոցով։ Սկզբնապես նախատեսված ավելացման փոխարեն, այս հիվանդությամբ տառապող պացիենտների ֆինանսական ապահովման նորմատիվը նախատեսվում է կրճատել 25%-ով։






