Լյարդի քաղցկեղի դեպքերի մեծ մասը կարելի է կանխարգելել, եթե նվազեցվեն վիրուսային հեպատիտների մակարդակը, կրճատվի ալկոհոլի օգտագործումը և պայքար ծավալվի նյութափոխանակային խանգարումներով պայմանավորված լյարդի ճարպակալման դեմ։ Այս մասին ասվում է The Lancet ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ։
Համաձայն հրապարակված նյութի՝ լյարդի քաղցկեղը համարվում է քաղցկեղի ամենավտանգավոր ձևերից մեկը, որն ամեն տարի խլում է 760 հազար մարդու կյանք, իսկ նոր դեպքերն արձանագրվում են 870 հազար մարդու մոտ։ Լյարդի քաղցկեղը հատկապես տարածված է Չինաստանում, որտեղ բոլոր դեպքերի ավելի քան 40%-ը բաժին է ընկնում հենց այս երկրին։ Կանխատեսվում է, որ մինչև 2050 թվականը նոր հիվանդությունների թիվը կարող է աճել գրեթե կրկնակիի՝ հասնելով 1.5 միլիոնի, իսկ մահվան դեպքերը՝ մինչև 1.4 միլիոնի։
Հետազոտողները պնդում են, որ լյարդի քաղցկեղի դեպքերի մոտ 60%-ը կապված է վերահսկելի ռիսկի գործոնների հետ։ Դրանք ներառում են B և C հեպատիտի վիրուսները, ալկոհոլի չափից ավելի օգտագործումը և նյութափոխանակորեն ասոցացված ճարպային լյարդի հիվանդությունը (MASLD)։ MASLD-ը, որը կապված է ճարպակալման հետ, արագորեն դառնում է լյարդի քաղցկեղի հիմնական պատճառը և դա հատկապես նկատելի է ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ասիայում։
Հետազոտության հեղինակներն առաջարկում են մի շարք միջոցներ՝ լյարդի քաղցկեղի դեմ պայքարելու համար. դրանք ներառում են Հեպատիտ B-ի դեմ պատվաստումների ընդլայնում, հեպատիտների և լյարդի ախտահարումների սքրինինգի իրականացում, ալկոհոլի գովազդի սահմանափակում, ալկոհոլային խմիչքների նվազագույն գների սահմանում և առողջ ապրելակերպի քարոզչական արշավների անցկացում։ Եթե հիվանդացությունը տարեկան նվազի 2-5 տոկոսով, ապա հնարավոր կլինի կանխարգելել մինչև 17 միլիոն լյարդի քաղցկեղի դեպք և փրկել մինչև 15 միլիոն կյանք։






