Արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը սրտի կաթվածի միակ «սադրիչը» չէ։ Դրա մասին Vanitatis բժշկագիտական  հանդեսին տված հարցազրույցում նշել է սրտաբան Դեյվիդ Քարիզոն։

Բժիշկը նշում է, որ ամենից հաճախ սրտի կաթվածն առնչվում է սրտամկանի սուր վնասվածքին, որը տեղի է ունենում սրտամկանում արյան հոսքի դադարեցման հետևանքով։

Նրա բնորոշմամբ՝ սրտանոթային հիվանդությունների զարգացումը կախված է բազմաթիվ գործոններից, և օրգանիզմում խոլեստերինի բարձր մակարդակը դրանցից միայն մեկն է։ Սրտի կաթվածի իրական պատճառները հաճախ նյութափոխանակության խանգարումների, անառողջ ապրելակերպի և խրոնիկական բորբոքման համադրություն են։

«Ինսուլինի նկատմամբ դիմադրողականությունը, արյան մեջ գլյուկոզի բարձր մակարդակը, արյան բարձր ճնշումը, նստակյաց կենսակերպը, գերմշակված սննդի կանոնավոր օգտագործումը և օրգանիզմում թաքնված բորբոքային գործընթացները՝ այս ամենը կարող է զգալիորեն մեծացնել սրտի կաթվածի հավանականությունը», - պարզաբանում է մասնագետը։

Դոկտոր Քարիզոն հիշեցնում է, որ սրտանոթային հիվանդությունները շարունակում են մնալ ամբողջ աշխարհում մահվան հիմնական պատճառներից մեկը։ Մասնագետը խորհուրդ տվեց ռիսկի գնահատմանը համալիր մոտեցում ցուցաբերել և պարբերաբար վերահսկել քաշը, ակտիվությունը, արյան մեջ շաքարի մակարդակը և արյան ճնշումը։