Նյու Յորքում լեգիոներային հիվանդությամբ (լեգիոնելոզ) վարակվածների թիվը հասել է 22-ի, մեկ պացիենտ մահացել է։ Այս տեղեկությունները հրապարակել է քաղաքի Առողջապահության դեպարտամենտը։
«Նյու Յորքի Առողջապահության դեպարտամենտը ներկայումս հետազոտում է լեգիոներային հիվանդության 22 դեպք, այդ թվում՝ մեկ մահացու ելքով», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։ Դեպարտամենտից նաև ընդգծել են, որ հուլիսի 25-ին սկսված բռնկումը կապված չէ այն շրջանների ջրամատակարարման համակարգերի հետ, որտեղ հիվանդներ են բնակվում։ «Այդ շրջանների բնակիչները կարող են շարունակել խմել ծորակի ջուր, լոգանք ընդունել, ցնցուղ օգտագործել, սնունդ պատրաստել և օգտվել տնային օդորակիչներից», - նշվում է փաստաթղթում։
Հաղորդվում է, որ վարակման գոտում գործող բոլոր ջրի սառեցման համակարգերից փորձանմուշներ են վերցվել։ Այն շենքերի սեփականատերերը, որտեղ առաջնային թեստավորումը դրական արդյունք է տվել, կարգադրվել է 24 ժամվա ընթացքում սարքավորումների սանիտարական մշակում սկսել։ «Այդ տարածքի բնակիչները և աշխատողները, ովքեր ունեն գրիպ հիշեցնող ախտանշաններ՝ հազ, ջերմություն, դող, մկանային ցավեր կամ շնչառության դժվարություն, պետք է անհապաղ դիմեն բժշկական օգնության», - զգուշացրել են քաղաքի առողջապահության դեպարտամենտից։
Լեգիոներային հիվանդությունը թոքաբորբի մի ձև է, որն առաջանում է Legionella տեսակի բակտերիաներից, որոնք բազմանում են տաք ջրում։ Այս հիվանդությունը զարգանում է այն ջրամատակարարման համակարգերում և սարքավորումներում, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում բակտերիաների աճի համար։ Դրանք են, օրինակ՝ սառեցման համակարգերը, ջակուզիները, հիդրոմերսման լոգարանները, օդի խոնավացուցիչները, ջրատաքացուցիչները և օդորակման խոշոր համակարգերում առկա գոլորշիացնող կոնդենսատորները։ Հնարավոր է վարակվել, օրինակ՝ ջրային գոլորշիներ ներշնչելիս, իսկ մարդուց մարդ վարակի փոխանցումն անհնար է։






