Հղիության եւ ծննդաբերության վերաբերյալ բազմաթիվ մոլորություններ գոյություն ունեն: Ստորեւ փաստերի՝ երեւակայության արգասիքից տարանջատման 13 փորձ է ներկայացվում.
1. Ծննդաբերությունը «ջրերի հոսքից» է սկսվում
Ֆիլմերում հաճախ ենք տեսնում, թե հիվանդանոցի ուղղությամբ որչափ կատաղի վազք կարող է սկսվել՝ «ջրերի հոսքի» մեկնարկից հետո: Իրականում ծննդաբերությունը նույնիսկ 24 (եւ ավելի) ժամ անց կարող է սկսվել:
«Դա նշանակում է, որ շուտով, բայց ոչ՝ հենց հիմա ծննդաբերությունն է սկսվելու: Ավելին՝ երույթն ընդամենը կանանց 10 տոկոսի մոտ է նախքան ծննդաբերության մեկնարկն ի հայտ գալիս», - մեկնաբանել է Սանտա Մոնիկայում (Քալիֆորնիա) գործող Սբ. Հովհաննես հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգ դոկտոր Շերիլ Ռոսը:
Այդուհանդերձ, եթե ջրերը հոսել են, սակայն կծկումներ դեռեւս չեն նկատվում, իսկ ամնիոտիկ հեղուկն էլ կանաչ գույնի կամ արյունոտ չէ, հանգիստ կարող եք տանը սպասել՝ մինչեւ որ կծկումները նկատելի ու հաճախակի դառնան:
«Հարկավոր է համբերատար լինել, քանի որ մարմինը գիտի՝ ինչ է անում», - նշել է դոկտոր Ռոսը:
2. Հղի ժամանակ հարկավոր է երկու հոգու տեղ սնվել
Շատերին թվում է, թե հղիությամբ սննդակարգի կալորիականությունն ավելացնելու կամ սրտի ուզածն ուտելու հնարավորություն է ընձեռնվում: Իրականում կալորիաների ավելցուկն առավելագույնը 300 պետք է կազմի՝ անհամեմատ ավելի քիչ, քան կրծքով կերակրելիս է հարկավոր: Ֆարֆիլդի համալսարանին կից գործող բուժքույրական դպրոցի դոցենտ Ջեննա ԼոԳիդիսը նաեւ զգուշացրել է, որ հղիության համար մարմնի զանգվածի ինդեքսի վերին շեմ գոյություն ունի, որի խախտմամբ գեստացիոն շաքարախտի եւ այլ բարդությունների առաջացման, ինչպես նաեւ ծանր ծննդաբերության ռիսկի աճ է գրանցվում:
3. Հղիության ընթացքում սեքսը հաճույթ չի պատճառում
«Հղիության ընթացքում սեքսն առավել մեծ հաճույք կարող է պատճառել», - հավաստիացնում է դոկտոր ԼոԳիդիսը:
Բանն այն է, որ երեխայի սպասելիս օրգանիզմում առկա արյան ծավալի՝ գրեթե 50 տոկոսի չափով աճ կարող է գրանցվել, ինչը դրա՝ ծլիկի ուղղությամբ հոսքի եւ, հետեւապես, օրգազմի ուժգնության աճ է ենթադրում:
4. Սուրճը կարող է վիժում հրահրել
Հոգ չէ, եթե ի վիճակի չեք առավոտյան մեկ բաժակ սուրճից հրաժարվել: Հետազոտությամբ ապացուցվել է, որ օրական մինչեւ 200 միլիգրամ կոֆեինը միանգամայն անվնաս է՝ հղիության համար: Փոխարենն ավելի լավ է՝ կոֆեինի բաղադրությամբ այլ ըմպելիքների, մասնավորապես թեյի եւ շոկոլադի՝ օրական սպառման ծավալներից հետեւեք:
5. Մեկ բաժակ գինին օգտակար է
Ընթացիկ տարվա առաջին ամիսներին՝ Կոպենհագենի համալսարանականների նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքում վկայություններ են ձեռք բերվել առ այն, որ հղիության ընթացքում ալկոհոլի չափավոր օգտագործումը կարող է առավել հեշտ տանելի ծննդաբերության հանգեցնել: Այդուհանդերձ, ինչպես մանկաբարձների եւ գինեկոլոգների ամերիկյան դպրոցը ներկայացնող փորձագետներն են պնդում, կանայք պետք է բացարձակապես հեռու մնան ալկոհոլից՝ հղիության ողջ ընթացքում: Որոշ դեպքերում, իհարկե, ռիսկերն ու օգուտները հաշվի առնելով, ալկոհոլի՝ խելամիտ ծավալներով նշանակումը կարող է ցուցված լինել, հավաստիացնում է դոկտոր Ռոսը:
6. Սննդակարգի մեջ չափավոր ծավալներով ձկնեղենի ներառումը կարող է երեխային տոքսիններից պաշտպանության հանգեցնել
Ինչպես վերջերս Environmental Health Perspectives ամսագրում հրապարակված հոդվածի հեղինակներն են պնդում, ձկնեղենը ոչ բոլոր օրգանական աղտոտիչներից զերծ մնալու հնարավորություն է ընձեռում: Խոսքն այն տոքսինների մասին է, որոնք, ի տարբերություն սնդիկի, բավականին երկար են օրգանիզմում մնում: Ավելին՝ գրեթե անհնար է միանշանակ իմանալ, թե որ ձկնատեսակներն են անվտանգ: Այդուհանդերձ, գիտնականները դրանց առավելագույն չափաքանակի եւ որակի վերաբերյալ կողմնորոշիչ առաջարկություններով են հանդես եկել, որոնց վերը հիշյալ հոդվածի շրջանակում կարող եք ծանոթանալ:
7. Եթե երեխան մեծ չափերի է, միայն կեսարյան հատմամբ կարելի է ծննդաբերել
Եթե ծննդաբերության ժամկետին եք մոտեցել, եւ երեխան էլ 4 կգ-ից ավել է կշռում, բարձր է հավանականությունը, որ ստիպված պետք է լինեք կեսարյան հատմամբ ծննդաբերել: Բացի այդ, եթե նախընթաց շաբաթներին նկատելիորեն շատ քաշ եք ավելացրել, երեխան էլ, ամենայն հավանականությամբ, մեծ չափերով կծնվի: Այդուհանդերձ, հարկ է նշել, որ ուլտրաձայնային հետազոտությունը 10-15 տոկոս դեպքերում սխալ արդյունքներ կարող է տալ, եւ, բացի այդ էլ, ամեն ինչ կոնկրետ օրգանիզմից է կախված:
«Կոնքի ձեւն ու չափերն անհամեմատ ավելի մեծ նշանակություն ունեն, քան երեխայի չափերը: Փոքրամարմին, բայց մեծ կոնքեր ունեցող կինը կարող է մինչեւ 4,5 կգ կշիռ ունեցող երեխայի լույս աշխարհ բերել, իսկ ահա մեծ չափերով, բայց փոքր կոնքով բնորոշվող հղին անհամեմատ թեթեւ երեխային ստիպված է կեսարյան հատմամբ ծննդաբերել», - մեկնաբանել է դոկտոր ԼոԳիդիսը:
8. Ծննդաբերելիս կարող եք կղարձակել
Սա այն իրականություններից մեկն է, որոնց մասին կանայք ընդհանրապես չեն սիրում խոսել: Մինչդեռ գաղտնիք չէ, որ ծննդաբերության ընթացքում ուժ տալիս աղիքների՝ կղարձակման հանգեցնող մկաններն են շարժման մեջ դրվում: Այնպես որ, եթե աղիները դատարկ չեն, միշտ էլ «տակն անելու» վտանգ կարող է լինել: Ամեն դեպքում, շփոթվելու կարիք չկա. բժիշկները միանշանական սովոր են դրան, այնպես որ ուշադրություն մի դարձեք եւ «ուժ տալու» գործը շարունակեք:
9. Կակաոյի յուղը թույլ չի տա, որ մաշկային ձգումներ լինեն
Հույսը թանկարժեք քսուքների վրա դնելով՝ որովայնի մաշկը հետծննդաբերական ձգումներից չեք ազատի: Վերջին հաշվով, դրանք առավելապես ժառանգական բնույթ են կրում:
«Եթե մաշկը հակված է ձգվելու, ոչինչ չի կարող հետ պահել դրան», - մեկնաբանել է դոկտոր ԼոԳիդիսը: Միակ միջոցը, որ կարող է փոքրիշատե օգնություն առաջարկել, մրգերով եւ բանջարեղեններով հարուստ սննդակարգն է:
10. Ծննդաբերական ցավերը պետք է նախանշված օրը կամ նախքան այդ սկսվեն
Ծննդաբերության նախանշված օրն իրենից մոտավոր գնահատական է ներկայացնում եւ չի կարող անհանգստության պատճառ համարվել: «Կանանց նույնիսկ 5 տոկոսը նախանշված օրը չեն ծննդաբերում, իսկ առաջին ծննդաբերության դեպքում հղիության հանգուցալուծումն առավել հաճախ ուշացումով կարող է վրա հասնել», - հավաստիացնում է դոկտոր ԼոԳիդիսը:
Իսկ ի՞նչ անել՝ սթրեսից խուսափելու համար: Փորձագետը խորհուրդ է տալիս ոչ ոքի չասել, թե կոնկրետ որ օրն է ծննդաբերությունը սպասվում: Փոխարենը՝ ավելի մոտավոր ժամկետներ հայտնեք, օրինակ՝ հունվարի կեսերին, կամ հաջորդող 14-րդ օրը նշեք:
11. Սեռական հարաբերությունը կարող է ծննդաբերական ցավ խթանել
Ճիշտ է, որ տղամարդու սերմնահեղուկն արգանդի վզիկի բացման նպատակով ծննդատանը կիրառվող դեղամիջոցների բաղադրության մեջ առկա հորմոններ՝ պրոստագլանդիններ է պարունակում: «Այդուհանդերձ, սեքսը չի կարող ինչ-որ հրաշքով ծննդաբերեկան ցավի առաջացում խթանել: Այն պարզապես օգտակար է՝ դրան նախապատրաստվելու հարցում», - մեկնաբանել է Ֆարֆիլդի բուժքույրական դպրոցը ներկայացնող փորձագետը:
12. Հղի կանայք չեն կարող մազերը ներկել
Բազմաթիվ գեղեցկության սրահներում ներկայումս մազերի բուսական ծագմամբ ներկեր կարելի է գտնել, որոնց կիրառությունը, մի շարք հետազոտությունների արդյունքում ստացված վկայությունների համաձայն, վնասակար չէ պտղի համար: Այդուհանդերձ, համոզվեք, որ հաստատությունում պատշաճ օդափոխության համակարգ է գործում, մանավանդ եթե առավոտյան ժամերին սրտխառնոց ունեք:
13. Հղիության ձեւից կարելի է երեխայի սեռը որոշել
Կախված որովայնի լայնությունից, սրությունից կամ բարձրությունից՝ երեխայի սեռի վերաբերյալ կանխագուշակումներ անելու սովորույթը դարերի պատմություն ունի: Այդուհանդերձ, մինչ այժմ որեւէ գիտական վկայություն չի հայտնաբերվել առ այն, որ հիշյալ պրակտիկան կարող է ճշմարտության հատիկ կրել իր մեջ: Այնպես որ, եթե որոշել եք չտեղեկանալ՝ երեխայի սեռի մասին, պարզապես ժպտացեք եւ փոխեք թեման:






