Շաքարի հանրաճանաչ փոխարինիչ սուկրալոզը (բազմաթիվ սննդամթերքներում որպես շաքարի փոխարինող և որպես E955 սննդային հավելանյութ օգտագործվող արհեստական քաղցրացուցիչ (տրիքլորգալակտոսախարոզ), որը 1976 թվականին սովորական շաքարից մշակել է անգլիական Tate & Lyle ընկերությունը, ունի շաքարին նման համային հատկանիշներ, մինչդեռ դրա քաղցրությունը 600 անգամ ավելի մեծ է, քան սովորական սախարոզինը -խմբ.) կարող է նվազեցնել իմունաթերապիայի արդյունավետությունը քաղցկեղի բուժման մեջ: Դրա մասին հայտնել են Փիթսբուրգի համալսարանի և Հիլմանի քաղցկեղի կենտրոնի հետազոտողները, որոնք իրենց աշխատանքի արդյունքները հրապարակել են Cancer Discovery բժշկագիտական  հանդեսում:

Գիտնականները վերլուծել են մելանոմայով և ոչ մանր բջջային թոքերի քաղցկեղով 132 բուժառուների տվյալները: Պարզվել է, որ մարդիկ, որոնք պարբերաբար օգտագործում էին սուկրալոզ՝ օրինակ՝ դիետիկ գազավորված ըմպելիքների կամ սուրճի հետ, ունեցել են բուժման ավելի ցածր արդյունավետություն և կյանքի ավելի կարճ տևողություն: Պատճառը, ինչպես պարզվել է, աղիքային միկրոֆլորայի կազմի փոփոխությունն է և արգինինի՝ իմունային համակարգի T-բջիջների ակտիվության համար կարևոր ամինաթթվի մակարդակի նվազումը:

Մկների սննդակարգին սուկրալոզի ավելացումը միաժամանակ հանգեցրել է թերապիայի թուլացման և ուռուցքի աճի: Սակայն արգինինի կամ դրա նախորդի՝ ցիտրուլինի ներմուծումը նպաստել է բուժման արդյունավետության վերականգնմանը: Հետազոտողներն արդեն նախատեսում են սննդային հավելումների կլինիկական փորձարկումներ, որոնք կարող են չեզոքացնել քաղցրացուցիչի ազդեցությունը:

Հեղինակների համոզմամբ՝ դժվար է ամբողջությամբ վերացնել սուկրալոզը բուժառուների սննդակարգից, ուստի արժե կենտրոնանալ շտկող սննդային ռազմավարությունների մշակման վրա: Ապագայում գիտնականները մտադիր են ստուգել, թե ինչպես են քաղցկեղի բուժման ընթացքում շաքարի այլ փոխարինիչներ, մասնավորապես՝ ասպարտամը, քսիլիտոլը և ստևիան, ազդում իմունային պատասխանի վրա։

Ավելի վաղ մասնագետները զգուշացրել էին էրիթրիտոլի՝ թրոմբոզի և կաթվածի ռիսկի բարձրացմանն առնչվող մեկ այլ հայտնի քաղցրացուցիչի հնարավոր վնասի մասին: