Ամերիկացիների 75 տոկոսը հավանություն է տալիս Արեւմտյան Աֆրիկայի՝ Էբոլա հեմոռագիկ տենդով վարակված երկրներից ժամանող բոլոր բուժաշխատողների համար կարանտին սահմանելու գաղափարին: Այս մասին Reuters գործակալության ջանքերով իրականացված հանրային կարծիքի հարցման արդյունքներն են վկայում:

Հավաքագրված տվյալների վերլուծությամբ նաեւ պարզվել է, որ ԱՄՆ բնակիչների 80 տոկոսը վերը հիշյալ բուժաշխատողների տեղաշարժի նկատմամբ վերահսկողության սահմանման հարցին եւս դրական է վերաբերվում:

Վերը բերված տվյալներն այն մասին են վկայում, որ երկրի մի շարք նահանգների իշխանությունների նախաձեռնությամբ իրականացված գործողությունները, մասնավորապես Արեւմտյան Աֆրիկայի երկրներից վերադարձած եւ այնտեղ Էբոլայով հիվանդների հետ շփումներ ունեցած անձանց համար 21-օրյա կարանտինի սահմանումը ամերիկացիների մեծամասնության աջակցությունն են վայելում: Մինչդեռ այդ նախազգուշական միջոցառումները, Reuters-ի հաղորդմամբ, միաժամանակ բացասական արձագանք են գտել՝ Սպիտակ տանը եւ իրավապաշտպան կազմակերպությունների շրջանում:  

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 3-ը կազմակերպված հարցախույզին 1 681 մարդ է մասնակցել: Արեւմտյան Աֆրիկայից ժամանող բուժաշխատողների համար ստիպողական կարանտինը ԱՄՆ Իլինոյս, Նյու-Ջերսի եւ Նյու-Յորք նահանգներում է սահմանվել: