Լյուիս Կացի անվան բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ PSAT1 գենի ակտիվացումը ինֆարկտ տարած չափահաս մարդկանց մոտ գործարկում է սրտի հյուսվածքների վերականգնումը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Theranostics» ամսագրում։
PSAT1 գենը մասնակցում է սաղմնային շրջանում բջիջների աճին, սակայն մեծահասակների մոտ այն գործնականում ակտիվ չէ։ Հետազոտողները ստեղծել են ձևափոխված մՌՆԹ, որը պարունակում է այդ գենը և ներարկել այն մկների սրտի հյուսվածքների մեջ՝ ինֆարկտից անմիջապես հետո։ Սա հանգեցրել է կարդիոմիոցիտների (սրտի մկանային բջիջներ) բաժանման ակտիվացմանը, հյուսվածքների սպիացման նվազմանը և նոր արյունատար անոթների առաջացմանը։ Արդյունքում կենդանիների սրտի ֆունկցիան զգալիորեն բարելավվել է։
Գիտնականները բացատրել են, որ PSAT1-ը գործարկում է սերինի սինթեզը՝ մի ամինաթթվի, որը կարևոր դեր է խաղում բջիջները սթրեսից պաշտպանելու և ԴՆԹ-ն վերականգնելու գործում։ Ազդեցության մեխանիզմի առանցքային օղակը YAP1 սպիտակուցն է, որը հայտնի է վերականգնման գործընթացները գործարկելու իր ունակությամբ։ Առանց դրա՝ PSAT1-ի ներմուծման ազդեցությունը անհետանում է։
Ուսումնասիրության մեջ օգտագործված մոդիֆիկացված ՌՆԹ տեխնոլոգիան նախկինում օգտագործվել է COVID-19-ի դեմ մՌՆԹ պատվաստանյութեր մշակելու համար: Հետազոտողների խոսքով՝ այն թույլ է տալիս գենետիկական նյութը բջիջներ ներմուծել առանց ԴՆԹ-ն փոփոխելու, նվազեցնելով հնարավոր ռիսկերը:
Աշխատանքի հեղինակների կարծիքով՝ այս մոտեցումը կարող է հիմք դառնալ սրտային անբավարարության բուժման նոր մեթոդների համար, որոնց դեպքում օրգանը ոչ միայն պահպանվում, այլև իրականում վերականգնվում է։






