Հայաստանում Շտապօգնության ծառայությունը գործում է սովետից ժառանգած մոդելով և չի համապատասխանում ժամանակի պահանջներին։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց առողջապահության փորձագետ, «Անկախ փորձագետ» ՀԿ նախագահ Ծաղիկ Վարդանյանը:
«Եթե անգամ հիմնադրին փոխեն կամ համապետական կայան ստեղծեն, առանց համակարգային մոտեցման՝ հատկապես հեռավոր համայնքներում, արդյունավետ չի լինի։ Լուրջ բարեփոխումների կարիք կա»,- նշեց Վարդանյանը։
Նրա կարծիքով՝ խնդիրներից մեկը ֆինանսավորման պակասն է․ ավելի մեծ գումար պետք է հատկացվի որակյալ ծառայություն ունենալու համար։
«5 միլիարդ դրամը չափազանց քիչ է որակյալ շտապօգնության համակարգ ունենալու համար», – նշեց Վարդանյանը։
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին՝ Վարդավառի օրը, Ալավերդիում 22-ամյա երիտասարդի մահվան դեպք էր գրանցվել, որն, ըստ ականատեսների, հնարավոր էր կանխել, եթե Շտապօգնությունը ժամանակին հասներ։ Այս դեպքում հասել է կանչից 50 րոպե անց։ Բացի այդ, Շտապօգնության մեքենայում միայն բուժքույրն ու վարորդն են եղել, ինչը ևս խնդրահարույց է եղել նման իրավիճակում։
Ալավերդու ԲԿ–ի տնօրենը News.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայում միայն բուժքույրն ու վարորդն են եղել՝ նշելով, որ դա նորմալ է։ Նա հավաստիացրել է, որ տղան մահացած է եղել, երբ շտապօգնությունը տեղ է հասել։ Իսկ ականատեսները պնդում են, որ տղան ողջ է եղել, շտապօգնության ժամանակին հասնելու դեպքում գուցե հաջողվեր փրկել նրա կյանքը։
Առողջապահության փորձագետի խոսքով՝ կան հստակ սահմանված ժամեր՝ ըստ համայնքի, թե որքան ժամանակում պետք է տեղ հասնի շտապօգնությունը։ Սակայն այս կարգը հաճախ չի պահպանվում։
«Այս դեպքում կանչը դիտարկվում է որպես ուշացած։ Շտապօգնության բոլոր կայաններում պետք է գործեն GPS սարքեր, որոնցով հստակ կարելի է հետևել մեքենայի գտնվելու վայրին և ժամանման ժամին։ Սակայն, ցավոք, առողջապահության նախարարությունը չի ներկայացնում հաշվետվություն՝ քանի տոկոս դեպքերում են ուշանում, արդյոք այդ դեպքերը քննվում են և որքանով են ուշացման պատճառները օբյեկտիվ։ Ես ինքս ներկա եմ եղել դեպքի, երբ շտապօգնությունը եկել է 35-40 րոպե անց, և շատ լարված իրավիճակ էր ստեղծվել՝ կողմերի միջամտությամբ է կարգավորվել», – ասաց նա։
Ինչ վերաբերում է մեքենայում միայն բուժքրոջ առկայությանը, Վարդանյանի խոսքով՝ կանչն ընդունողը պետք է ճիշտ կողմնորոշվեր ու համալրված բրիգադ ուղարկեր։
«Կան մի քանի տարբեր տեսակներ․ այս դեպքում դեպքի վայր է ուղարկվել ֆելդշերական բրիգադ, ինչը թույլատրվում է օրենսդրությամբ։ Սակայն նման դեպքերում օպերատորը՝ կանչն ընդունողը, պետք է կարողանա տարբերակել՝ արդյոք տվյալ դեպքի համար ֆելդշերական բրիգադը բավարար է, թե պետք է շատ արագ կազմակերպել բժշկական, ավելի հագեցած բրիգադ՝ մի քանի մասնագետներով, այդ թվում՝ վերակենդանացման։ Ալավերդու նման համայնքներում, ցավոք, մեծ հավանականությամբ կանչերն ընդունում են հենց բուժքույրերը։ Մեծ կայաններում այդ պաշտոնները առանձին հաստիքներ են։ Այստեղ, կանչն ընդունելով, բուժքույրը պետք է անմիջապես ներկայացներ այն շտապօգնության կառավարող բժշկին, որը պետք է որոշում կայացներ՝ ուղարկել համալրված բրիգադ։ Մի քանի րոպեն կարող է կյանք խլել», – ասաց Վարդանյանը։
Պարզվում է՝ սա Ալավերդիում շտապօգնության ուշ արձագանքի միակ դեպքը չէ։ Համայնքը սպասարկվում է ընդամենը մեկ բրիգադով, իսկ միայն երեկոյան ժամերին միանում է երկրորդը։ Այդ մասին News.am-ին պատմել է Ալավերդու բնակչուհի Նոննա Խաչատրյանը։
«Վարդավառի օրը մահացած 22-ամյա երիտասարդը մեր թաղամասից էր։ Լիովին հասկանում եմ երկու կողմին էլ. մի բրիգադը չի կարող ամբողջ խոշորացված համայնքին սպասարկել ու ժամանակին հասնել, իսկ մյուս կողմից, երբ մարդու կյանքին վտանգ է սպառնում, ու շտապօգնությունը ուշանում է, հարազատները խուճապի մեջ են։ Կանչում են, բայց մինչև շտապօգնությունն հասնում է, երբեմն անգամ բժիշկների նկատմամբ բռնություն է կիրառվում», – նշեց համայնքի բնակչուհին։
Նոննա Խաչատրյանի խոսքով՝ ինքը ևս բախվել է շտապօգնության ոչ բավարար աշխատանքին․
«Վերջերս պապիկիս համար զանգեցինք, կանչ գրանցեցինք, նա իրեն վատ էր զգում։ Շտապօգնությունը բավականին ուշ եկավ։ Կարող է ժամանել՝ մեկ ժամ անց, երբ մենք արդեն անհրաժեշտ բոլոր գործողությունները կատարել էինք, և նրանց գալու կարիքը այլևս չկար։ Վերջին շրջանում է այս վիճակը սրվել, նախկինում այսպես չէր։ Հիմա վիճակը շատ վատ է», – ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ խնդրի առնչությամբ դիմել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին և ստացել պատասխան, որ անպայման կզբաղվեն հարցով։
«Դա եղել է մարտի 25-ին, սակայն մինչ օրս որևէ փոփոխություն չկա։ Բացի այդ, ինձ զանգեցին նախարարությունից ու ասացին, որ պետք է դիմեմ մարզպետարան։ Բայց ես գիտեմ, որ շտապօգնությունն այլևս մարզի վերահսկողության տակ չէ։ Այդ պահին հասկացա՝ անիմաստ է շարունակել»։
Առողջապահության նախարարությունից 22-ամյա երիտասարդի մահվան և Ալավերդիում Շտապօգնության աշխատանքից բողոքների վերաբերյալ որևէ մեկնաբանություն մինչ այս պահը չի հնչել։






