Վրացական ծագմամբ բրիտանացի երգչուհի Քեթի Մելուան անցյալ շաբաթ բժշկի օգնությանն էր դիմել՝ այն մտահոգությամբ, թե լսողության հետ ինչ-որ բան է կատարվում, քանի որ ականջի միջից քստքստոցի նմանությամբ ձայներ էին գալիս, հաղորդում է FoxNews-ը:

Զննման արդյունքում պարզվել էր, որ երգչուհու լսողական օրգանը շուրջ մեկ շաբաթ առաջ փոքր չափերի սարդի է «հյուրընկալել»: Վերջինս, ամենայն հավանականությամբ, ինքնաթիռում է հանրահայտ երգչուհու ականջն անցել: Հայտնի է, որ թռիչքների ընթացքում, աղմուկից խուսափելու համար, Քեթին մշտապես ականջակալներ է կրում, որոնք էլ կարող էին միջատի նախորդ հանգրվանը լինել:

«Լուրջ բան չկար՝ ընդամենը ժամանակ առ ժամանակ քստքստոցի ձայն էի լսում: Բժիշկն ասաց, որ երբեք ոչ ոքի ականջից կենդանի սարդ չի հանել», - գրել է Քեթին՝ Instagram-ի իր էջում՝ հավելելով, որ ի սկզբանե վախենում էր, թե կարող է «ականջների զնգոց» անվամբ հայտնի հիվանդությունն ունենալ:

Վրացական ծագմամբ երգչուհին, ում երգացանկը նաեւ 2006թ.-ին թողարկված «Spider's Web» (սարդոստայն) սինգլն է ներառում, սարդը տուն է հասցրել՝ խողովակի մեջ եւ բաց թողել այգում: