Արհեստական բանականության վրա հիմնված չաթբոտների հետ շփումը կարող է հոգեկան խանգարմունքների զարգացման պատճառ դառնալ։ Նման եզրակացության է հանգել Դանիայի Օրհուսի համալսարանի հոգեբույժ Սյորեն Դինեսեն Էստերգորը։ Աշխատանքը հրապարակվել է Schizophrenia Bulletin բժշկագիտական հանդեսում։
Նրա տվյալներով՝ վերջին երկու տարիների ընթացքում աշխարհում ավելի ու ավելի շատ դեպքեր են գրանցվել, երբ արհեստական բանականության օգնականների հետ երկարատև փոխազդեցությունը հանգեցրել է օգտատերերի շրջանում մշտական մոլորեցնող համոզմունքների ձևավորմանը։ Նրանցից շատերը սկսել են հավատալ, որ իրենք ունեն գերբնական ուժեր, ընտրվել են հատուկ առաքելության համար, կամ որ չաթբոտը «գաղտնի երկխոսություն է ունեցել իրենց հետ»։
Էստերգորն այդ սպառնալիքի մասին առաջին նախազգուշացումը հրապարակել է դեռևս 2023 թվականին, երբ նա կարծում էր, թե ChatGPT-ի կամ Gemini-ի նման չաթբոտների «մարդկանման» վարքագիծը կարող է ճանաչողական դիսոնանս առաջացնել անկայուն հոգեբանություն ունեցող մարդկանց շրջանում։ Սակայն այդ ժամանակ դա ընկալվում էր որպես վարկած։ Այսօր, ըստ հեղինակի, հարազատներից, օգտատերերից և լրագրողներից սկսել են իրական հաղորդագրություններ ստանալ՝ այն դեպքերի մասին, երբ արհեստական բանականության հետ փոխազդեցությունը դարձել է հոգեբանական խանգարմունքների պատճառ։
«Մենք տեսնում ենք, թե ինչպես են չաթբոտների հետ զրույցները վերածվում 16-ժամյա սեանսների, որտեղ արհեստական բանականությունը ամրապնդում է մեծության կամ հալածանքի գաղափարները։ Դա պատահական չէ՝ մոդելները մարզվում են հավանության սկզբունքով. որքան ավելի գոհ է օգտատերը, այնքան ավելի հաճախ է բոտը կրկնում իր վերաբերմունքը»,- նշել է հոգեբույժը։
Ամենաշատ քննարկվող դեպքերից մեկը Նյու Յորքից մի հաշվապահի դեպքն է, որը ChatGPT-ի հետ խոսելուց հետո հավատացել է, որ ինքը «Բեկումնային հոգիների» մաս է կազմում, որոնք կարող են ոչնչացնել իրականության պատրանքը։ Արհեստական բանականությունը խորհուրդ է տվել նրան դադարեցնել դեղորայք ընդունելը և վստահեցրել, որ նա կկարողանա թռչել։
Նյարդահոգեբանության տեսանկյունից, արհեստական բանականության գործողության մեխանիզմը կարող է նման լինել նրան, թե ինչպես է մարդկանց մոտ զարգանում դելիրիումը՝ արդեն ձևավորված վերաբերմունքի համակարգված հաստատման և հակասական ազդանշանների անտեսման միջոցով։ Ուշադրությունը պահպանելուն ձգտող ալգորիթմները հակված են համաձայնել օգտատիրոջ հետ, ինչը կարող է ամրապնդել իրականության աղավաղված ընկալումը։
Հոգեբույժի համոզմամբ՝ անհրաժեշտ են արհեստական բանականության հոգեկան առողջության վրա ազդեցության համակարգված ուսումնասիրություններ՝ կլինիկական դեպքերի հավաքագրում, տուժածների հետ հարցազրույցներ և վերահսկվող փորձեր՝ տարբեր երկխոսության սցենարներով։






