Ցրված սկլերոզի վաղ նախազգուշացնող նշանները հայտնվել են դրա դասական ախտանիշներից 15 տարի առաջ: Ապագա բուժառուները սկսել են ավելի հաճախ դիմել բժիշկների՝ ոչ բնորոշ գանգատներով, մասնավորապես անհանգստությունը և հոգնածությունը, դեռևս հիվանդության ակնհայտ դառնալուց շատ առաջ:

Ցրված սկլերոզը խրոնիկական հիվանդություն է, որի դեպքում մարդու իմունային համակարգը հարձակվում է գլխուղեղի և ողնուղեղի նյարդային մանրաթելերի պաշտպանիչ միելինային թաղանթի վրա, գրում է Naked Science-ը: Այդ վնասը խաթարում է ուղեղի և մարմնի մնացած մասի միջև ազդանշանների փոխանցումը, ինչը հանգեցնում է նյարդաբանական բազմազան ախտանիշների՝ մասնավորապես՝ վերջույթների հոգնածությունից և թմրությունից մինչև տեսողության և շարժումների ներդաշնակվածություն առնչվող խնդիրների: Հիվանդությունը զարգանում է անկանխատեսելիորեն և ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել աշխատունակության զգալի կորստի:

Ցրված սկլերոզի վաղ ախտորոշման խնդիրն այն է, որ դրա առաջին ախտանիշները հաճախ շատ ոչ բնորոշ են: Հոգնածությունը, գլխացավերը, տրամադրության թույլ փոփոխությունները կամ ընդհանուր ցավը կարող են վկայել տասնյակ այլ հիվանդությունների մասին: Դա ստեղծում է այն, ինչ հայտնի է որպես պրոդրոմալ շրջան՝ փուլ, երբ օրգանիզմում արդեն տեղի են ունենում պաթոլոգիական գործընթացներ, բայց չկան որևէ կոնկրետ հիվանդության ակնհայտ և ճանաչելի նշաններ: Նման ժամանակահատվածները լավ ուսումնասիրված են այլ նյարդաբանական խանգարումների համար, ինչպիսին է Պարկինսոնի հիվանդությունը, որտեղ տրամադրության և քնի փոփոխությունները կարող են տեղի ունենալ դողի ի հայտ գալուց տարիներ առաջ։

Ցրված սկլերոզի պրոդրոմալ փուլը երկար ժամանակ համարվում էր հինգից տասը տարի տևողությամբ։ Նախորդ հետազոտությունների մեծ մասի հեղինակները վերլուծել են բժշկական տվյալները այն ժամանակահատվածում, որտեղ մեկնարկային կետը հաճախ առաջին գրանցված դեմիելինացնող իրադարձությունն է՝ օրինակ՝ տեսողական նյարդի բորբոքումը։ Այդ մոտեցումն ուներ սահմանափակումներ, քանի որ այն չէր արտացոլում հիվանդության զարգացման ամենավաղ փուլը, որը կարող էր սկսվել դեռևս շատ առաջ, քան ակնհայտ նյարդաբանական խնդիրների ի հայտ գալը։

Պարզելու համար, թե երբ կարող են ի հայտ գալ առաջին ոչ բնորոշ դրսևորումները, գիտնականները վերլուծել են ավելի քան 12  հազար մարդու բժշկական տվյալներ։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open հանդեսում։

Խումբը համեմատել է հիվանդությունը ախտորոշված 2038 բուժառուների առողջապահական պատմությունը հիվանդությունը չունեցող 10 հազար 182 մարդկանց վերահսկիչ խմբի հետ։ Խմբերը համապատասխանեցվել են սեռի, ծննդյան տարեթվի և սոցիալ-տնտեսական կարգավիճակի հիման վրա՝ համեմատության առավելագույն ճշգրտությունն ապահովելու համար։

Նախորդ հետազոտություններից տարբերվող՝ գիտնականները վերլուծել են ախտանիշների ի հայտ գալուց 25 տարի առաջ ստացված տվյալները, որոնք հետադարձ կերպով որոշել է բուժող նյարդաբանը՝ հիվանդի մանրամասն հարցազրույցի և կլինիկական հետազոտության հիման վրա: Այդ մոտեցումը նրանց հնարավորություն է տվել սահմանել ավելի ճշգրիտ և ավելի վաղ մեկնարկային կետ՝ անկախ ախտորոշման ուշացումներից: Վերլուծությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնց մոտ հետագայում զարգացել է ցրված սկլերոզ, սկսել են ավելի հաճախ օգտվել առողջապահական համակարգից՝ հիվանդության դասական նշանների ի հայտ գալուց շատ առաջ:

Հետազոտողները հայտնաբերել են տարբեր մասնագետների շրջանում այցելությունների հստակ ժամանակային հաջորդականություն: Ախտանիշների հաստատված ի հայտ գալուց դեռևս 15 տարի առաջ ապագա բուժառուները սկսել են ավելի հաճախ այցելել ընդհանուր բժիշկների՝ բողոքելով վատ սահմանված վիճակներից, մասնավորապես՝ ցավը և հոգնածությունը: Մոտավորապես նույն ժամանակահատվածում՝ ախտանիշների ի հայտ գալուց 14-15 տարի առաջ, աճել է հոգեկան առողջությանն առնչվող այցելությունների թիվը, ներառյալ՝ անհանգստությունը և դեպրեսիան: Մի քանի տարի անց՝ ախտանիշների ի հայտ գալուց 12 տարի առաջ, զգալիորեն աճել է հոգեբույժների հետ խորհրդակցությունների հաճախականությունը:

Հիմնական ախտանիշների ի հայտ գալու ամսաթվի մոտենալուն զուգընթաց պատկերը փոխվել է: Այդ պահից ութից ինը տարի առաջ բուժառուները սկսել են ավելի հաճախ այցելել նյարդաբանների և ակնաբույժների, ինչը կարող է կապված լինել տեսողության վաղ խանգարման կամ աչքի ցավի հետ: Հիվանդության սկսվելուց երեքից հինգ տարի առաջ աճել է շտապ օգնության բաժանմունքներ այցելությունների և ռենտգենաբանական հետազոտությունների, մասնավորապես՝ մագնիսառեզոնանսային շերտագրումների քանակը։

Ակտիվության գագաթնակետը գրանցվել է դասական ախտանիշների ի հայտ գալուց առաջ վերջին տարում. այս ժամանակահատվածում բոլոր մասնագիտությունների բժիշկների, մասնավորապես նյարդաբանների մոտ այցելությունների հաճախականությունը հասել է իր առավելագույնին: Օրինակ, նյարդաբանի մոտ այցելությունների թիվը աճել է ավելի քան հինգ անգամ։

Ինչպես ցույց է տվել գիտական աշխատանքը, ցրված սկլերոզն ունի երկար և բարդ պրոդրոմալ փուլ, որը սկսվում է շատ ավելի վաղ, քան սպասվում էր: Նոր արդյունքները փոխել են հիվանդության ի հայտ գալու ժամանակացույցը և ընդգծել, որ հոգեկան առողջությանն առնչվող խնդիրները կարող են լինել հիվանդության ամենավաղ նախանշաններից մեկը՝ յոթից տասնմեկ տարով նախորդելով նյարդաբանական գանգատներին։

Այս ժամանակահատվածի մասին իմանալը բացում է նոր ուղիներ վաղ բիոմարկերների և ռիսկի գործոնների հայտնաբերմանն ուղղված հետազոտությունների համար: Ապագայում դա կարող է հանգեցնել վաղ հայտնաբերման և միջամտության ռազմավարությունների, հնարավոր է՝ բարելավելով բուժառուների երկարաժամկետ կանխատեսումը: