Բրիտանացի գիտնականները մտադիր են քաղցկեղի վաղ ախտորոշմանը միտված արյան մեկ ամբողջական հետազոտության մեթոդ մշակել: Նրանց արդեն իսկ հաջողվել է, շուրջ 19 հազար գիտական աշխատանքների վերանայման արդյունքում, քաղցկեղի առկայության մասին վկայող ավելի քան 800 բիոմարկերների գոյությունը հաստատել: Հետազոտության արդյունքներն օրեր առաջ Լիվերպուլում՝ Օնկոլոգիական հետազոտությունների ազգային ինստիտուտում կազմակերպված միջոցառմանն են ներկայացվել, հաղորդում է FoxNews-ը:
Գիտնականների նախաձեռնության նպատակը մեկն էր՝ գտնել այնպիսի բիոմարկերներ, որոնց օգնությամբ հնարավոր է քաղցկեղի վաղ ախտորոշմանը միտված արյան մեկ ամբողջական հետազոտության մեթոդ մշակել:
«Մեկ ամբողջական հետազոտությունը կարող է վճռորոշ նշանակություն ձեռք բերել՝ քաղցկեղի վաղ ախտորոշման եւ անհամեմատ ավելի մեծ թվով դեպքերում դրա բուժման գործում», - մեկնաբանել է Ուորվիքի համալսարանին կից գործող բժշկական դպրոցի ախտաբանության պրոֆեսոր, հետազոտության ավագ հեղինակ Յան Քրին:
Վերջինիս խոսքով, հիմա, երբ գիտնականների ձեռքի տակ այդչափ մեծ թվով բիոմարկերներ են հայտնվել, հաջորդիվ հարկավոր է դրանցից ամենաուժեղներն առանձնացնել՝ քաղցկեղի առաջացումը կանխատեսելու կարողության տեսանկյունից, այնուհետեւ՝ արյան հետազոտության համարժեք մեթոդ մշակել եւ կլինիկական փորձարկումների անցնել:
Քաղցկեղային բջիջները հաճախ բավականին վաղուց՝ նախքան ուռուցքների զարգացման մասին վկայող այլ ազդակների ու ախտանշանների առաջացումն են արյան մեջ համարժեք մարկերների աճ խթանում, ինչը նշանակում է, որ հիվանդության վաղ ախտորոշումը կարող է դրա առավել արագ ու արդյունավետ բուժման, հետեւապես նաեւ՝ մահացության ցուցանիշների կտրուկ կրճատման հանգեցնել:
«Մենք նպատակ ունենք առաջիկա 20 տարիներին քաղցկեղով ախտորոշված 4 հիվանդներից 3-ի համար առնվազն 10 տարվա կյանք ապահովել», - նշել է Սառա Հայոմը՝ Օնկոլոգիական հետազոտությունների ազգային ինստիտուտից:
Փորձագետի մեկնաբանմամբ, հետազոտությունը «նորարարական եւ խոստումնալից մոտեցում» է առաջարկում այդ հարցում:
«Որքան էլ որ արդյունքները նախնական լինեն, արդեն իսկ վառ վկայությունն են այն պնդման, որ քաղցկեղի «մարկերների» մասին պատկերացման ընդլայնմամբ եւ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հնարավոր է մոտ ապագայում հիվանդության վաղ բացահայտման արդյունավետ միջոց գտնել», - նշել է նա:






