Ըստ Հարավային Ավստրալիայի համալսարանի հետազոտողների՝ փառատոնների, ցուցահանդեսների, սպորտային հանդիպումների, ֆերմերային շուկաների և գաստրոնոմիական միջոցառումների այցելությունները դրական են ազդում մարդու հուզական վիճակի վրա, մինչդեռ առցանց զվարճանքները նման ազդեցություն չեն ունենում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են International Journal of Tourism Research (IJTR) ամսագրում։
Հետազոտությունն անցկացնելու համար գիտնականները տեղեկություններ են հավաքել Հարավային Ավստրալիայի ավելի քան 350 բնակիչների հոգեկան առողջության վիճակի մասին։ Վերլուծությունը ցույց է տվել, որ որքան հաճախ են մարդիկ այցելում «կենդանի» միջոցառումների, այնքան հաճախ են նրանք ուժեղ դրական զգացողություններ ապրում։ Վիրտուալ իրադարձությունները, ինչպիսիք են առցանց համերգները կամ սթրիմերը՝ կապված են եղել բավարարվածության զգացողության հետ, սակայն չեն ազդել առօրյա բարեկեցության այլ ասպեկտների վրա։
Հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Սաննի Սոնի խոսքով՝ բարեկեցության բարձր մակարդակը կապված է հիվանդությունների զարգացման ավելի ցածր ռիսկի, կյանքի ավելի երկար տևողության և արտադրողականության բարձրացման հետ։
Դոկտոր Էլիզա Քիթչենը նշում է, որ հետազոտության արդյունքները կարելի է կիրառել գործնականում. ընկերությունները կարող են միջոցառումների տոմսեր ներառել աշխատակիցների մոտիվացիայի ծրագրերում, համալսարանները կարող են օգտագործել մշակութային իրադարձությունները ուսանողների սթրեսը նվազեցնելու համար, իսկ քաղաքները՝ կազմակերպել անվճար միջոցառումներ՝ սոցիալական համախմբվածությունը զարգացնելու համար։






