Տոկիոյի մայրաքաղաքային համալսարանի գիտնականները պարզել են, որ ԴՆԹ-ի վերականգնմանը մասնակցող ֆերմենտներից մեկը կարող է քաղցկեղի բջիջներին լրացուցիչ «պաշտպանություն» ապահովել թերապիայի որոշ տեսակներից: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature գիտական  հանդեսում:

Խոսքը Flap էնդոնուկլեազ-1 (Fen1) սպիտակուցի մասին է: Այն գործում է «մոլեկուլային մկրատի» նման՝ կտրում է ԴՆԹ-ի լրացուցիչ կտորներ, որոնք ձևավորվում են, երբ բջիջը պատճենում է սեփական գենետիկական նյութը:

Գիտնականները նշում են, որ 1980-ական թվականներից ի վեր բժիշկները հատուկ դեղամիջոցներ՝ շղթան (CTNA) ավարտող նուկլեոզիդների համանմանություններեն օգտագործում: Դրանք փոխարինում են ԴՆԹ-ի կառուցողական նյութերը, ինտեգրվում դրա մեջ և դադարեցնում պատճենահանումը: Քաղցկեղի բջիջներն ավելի արագ են բաժանվում, քան առողջները, ուստի նման դեղամիջոցները հատկապես ուժեղ են ազդում դրանց վրա: Սակայն և՛ առողջ, և՛ քաղցկեղային բջիջների մի մասը կարողանում են դիմադրել այդ գործընթացին:

Նոր հետազոտության մեջ գիտնականները մոդելային բջիջներից հեռացրել են Fen1-ի համար պատասխանատու գենը և բուժել դրանք ալովուդին դեղամիջոցով: Պարզվել է, որ Fen1-ի բացակայության դեպքում բջիջները չափազանց խոցելի էին դառնում. ԴՆԹ-ն ավելի դանդաղ էր պատճենվում, և բուժումը շատ ավելի արդյունավետ էր: Պարզվել է նաև, որ եթե Fen1-ի հետ մեկտեղ արգելափակվեր մեկ այլ՝ 53BP1սպիտակուցը, բջիջները վերստին դիմացկուն էին դառնում։

Հեղինակները ենթադրում են, որ խնդիրը գործընթացի մեխանիզմի մեջ է. Fen1-ի բացակայության դեպքում ԴՆԹ-ում ձևավորվում են երկար «կախովի» բեկորներ: 53BP1-ը «կպչում» է դրանց՝ խանգարելով այլ վերականգնման համակարգերին, դրա արդյունքում ԴՆԹ-ի պատճենահանումը դադարում է։

Խումբը համեմատել է նաև Fen1-ը մեկ այլ հայտնի ԴՆԹ վերականգնման՝ կրծքագեղձի քաղցկեղին առնչվող BRCA1 սպիտակուցի հետ: Պարզվել է, որ Fen1-ը և BRCA1-ը գործում են տարբեր ձևերով, բայց միաժամանակ անջատվելիս երկուսն էլ զգալիորեն ուժեղացնում են դեղամիջոցի ազդեցությունը։

Հետազոտողները նշում են, որ Fen1-ի դերի ընկալումը կարող է օգնել հարմարեցնել բուժումները և բացահայտել հատկապես CTNA-ի նկատմամբ զգայուն ուռուցքները: Այժմ նրանք ծրագրում են փորձարկել իրենց արդյունքները մարդու բջիջների վրա՝ պարզելու համար՝ արդյոք Fen1-ի արգելափակումը կարելի՞ օգտագործել քաղցկեղի տարբեր տեսակների բուժման համար, թե՞ ոչ։