Ինչո՞ւ է քորելու ցանկությանը տրվելիս ավելի բարդ իրադրություն առաջանում: Պարզվում է՝ երեւույթը պատճառը քորելու գործողությանն ի պատասխան ուղեղին համապատասխան ազդակների հաղորդման նպատակով արտազատվող քիմիական միացությունների կողմնակի ազդեցությունն է:
Քորելու ցանկությանը հագուրդ տալով՝ ի սկզբանե որոշակի թեթեւություն կարող ենք զգալ: Դրա պատճառն էլ այն է, որ ողնուղեղի նեյրոնները սկսում են գլխուղեղի ուղղությամբ քորի ազդակների փոխարեն ցավի առկայության մասին ազդանշաններ ուղարկել, քանի որ քորելու գործողությունը որոշակի ցավ է պատճառում, մեկնաբանում է FoxNews-ը:
Ի պատասխան վերը նկարագրվածի, ուղեղն էլ, իր հերթին, սկսում է, ցավը մեղմելու նպատակով, սերոտոնին անվամբ հայտնի նյարդային հաղորդիչներ արտազատել, որոնք, ինչպես վերջերս իրականացված հետազոտության արդյունքում է պարզվել, ողնուղեղում առկա՝ քորի առավել սուր զգացողություններ առաջացնող նեյրոններին ակտիվացում հաղորդելու ներուժ ունեն:
Թեեւ եզրահանգման համար հիմք ծառայած փորձարկումները լաբորատոր մկների նկատմամբ են իրականացվել, գիտնականները վստահ են, որ դրանք կարելի է նաեւ մարդկանց նկատմամբ տարածել:
«Խնդիրը նրանում է, որ ցավային ազդակների ստացմամբ ուղեղը սկսում է, ցավի վերահսկման նպատակով, նյարդային հաղորդիչներ՝ սերոտոնին արտադրել: Սակայն երբ վերջինս ուղեղից ողնուղեղին է հասնում, կարող է, «թռչկոտելով», ցավի համար պատասխանատու նեյրոններից քոր հրահրողների անցնել», - մեկնաբանել է Վաշինգտոնի համալսարանին կից գործող քորի հետազոտական կենտրոնի տնօրեն, ընթացիկ հետազոտության համահեղինակ Չժո-Ֆեն Չենը:
Փորձարկման շրջանակում գիտնականները գենետիկ ինժեներիայի միջոցով սերոտոնինի արտադրության համար պատասխանատու գեներից զրկված մկներ են ստացել եւ դրանց մաշկի քոր հրահրող նյութեր ներարկել: Դիտարկումների փուլում պարզվել է, որ հիշյալ կրծողները, ի տարբերություն գենետիկ փոփոխութուններից զերծ մնացած կենդանիների, նշանակալիորեն ավելի քիչ են քորվում: Սակայն երբ նրանք էլ սերոտոնինի ներարկում են ստացել, քորելու նորմալ վարքագիծը վերականգնվել է, ինչն ապացուցելու է գալիս վկայությունը, թե հիշյալ նյարդային հաղորդիչները, ի թիվս բազմաթիվ այլ գործառույթների, քորի առաջացման հարցում եւս վճռորոշ նշանակություն ունեն:
Հետազոտության արդյունքները կարող են հատկապես քրոնիկ քորից տառապող մարդկանց բուժման հարցում օգտակար լինել: Հարկավոր է միայն սերոտոնինի եւ ողնուղեղում առկա՝ քորի զգացողություններ առաջացնող նեյրոնների միջեւ կապը բացառել: Այդ պարագայում քորի ցանկությանը տրվելիս ավելի բարդ իրադրություն չի կարող ստեղծվել:
Հետազոտության արդյունքները Neuron ամսագրում են հրապարակվել:






