Վերջին տարիներին բժիշկները Չեխիայում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեպքերի զգալի աճ են գրանցել, հաղորդում է «Seznam» լրատվական պորտալը։
Վերջին 10 տարում հանրապետությունում սիֆիլիսի դեպքերի թիվն աճել է 60%-ով։ Գոնորեայի դեպքերի աճն ավելի նշանակալի է՝ 10 տարվա համեմատ բարձր է երկու անգամ, իսկ 15 տարվա համեմատ՝ չորս անգամ։ Պորտալի տվյալներով՝ քլամիդիայով հիվանդների թիվը գերազանցումը է տարեկան մի քանի հազարը։
Վեներական հիվանդությունների վարակման դեպքերի ամենամեծ թիվը գրանցվում է Պրահայում։ «Աճը կտրուկ չէ, բայց կայուն է։ Նախկինում մենք կարծում էինք, որ վեներական հիվանդություններն այլևս խնդիր չեն լինի, որ ժամանակակից ախտորոշումն ու բուժումը կհանգեցնեն դրանց զգալի կրճատմանը։ Սակայն պարզվում է, որ դա այդպես չէ», - պորտալը մեջբերել է Պրահայի «Նա Բուլովկե» հիվանդանոցի Մաշկավեներոլոգիական կլինիկայի գլխավոր բժիշկ Ֆիլիպ Ռոբի խոսքերը։
Նրա կարծիքով՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների դեպքերի ավելացման պատճառը սեռական զուգընկերների հաճախակի փոփոխության հետևանքով առաջացած «մարդկանց անպատասխանատու վարքն» է։ Բացի այդ, քաղաքացիներն այլևս այնքան չեն վախենում նման հիվանդություններով վարակվելուց, ինչպես նախկինում, քանի որ դրանց մեծ մասը բուժելի է։
«Ինչ վերաբերում է ՄԻԱՎ-ին, ապա առայժմ այս հիվանդության դեպքում թերապիայի կիրառումը չի նշանակում ապաքինում։ Այնուամենայնիվ, թերապիան շատ արդյունավետ է և այս հիվանդությամբ մարդիկ կարող են նորմալ կյանքով ապրել։ Սա իջեցնում է վախի մակարդակը [հասարակության մեջ], ինչը կարող է ունենալ ինչպես դրական, այնպես էլ բացասական հետևանքներ», - նշել է Ռոբը։






