Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականները Ա.Ա. Սմորոդինցևի անվան գրիպի գիտահետազոտական ինստիտուտի գործընկերների հետ միասին լաբորատոր պայմաններում ստացել են 3-րդ տիպի ինտերֆերոն, որը պաշտպանում է մարդկանց գրիպից և ունի մի շարք առավելություններ ինտերֆերոնների այլ տեսակների համեմատ: Մասնագետների պնդմամբ՝ մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել նոր դեղամիջոցի արդյունավետությունը ոչ միայն կանխարգելման, այլև հիվանդության վաղ փուլի բուժման համար: Հետազոտությունը հրապարակվել է International Journal of Antimicrobial Agents բժշկագիտական հանդեսում:
Շնչառական վիրուսային վարակները համաշխարհային առողջապահական խնդիրներից մեկն են, որի համար կան տարբեր ռազմավարություններ: Մեկ մոտեցումը բնածին իմունային պատասխանի բաղադրիչների խթանումն է: Ինտերֆերոնները վիրուսների և այլ թշնամական նյութերի ներխուժման ի պատասխան արտադրվող սպիտակուցներ են: Հենց ինտերֆերոններն են, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանության առաջին և ամենակարևոր գիծը վիրուսային վարակների դեմ:
Առաջին և երկրորդ տեսակների ինտերֆերոնները մանրամասն ուսումնասիրվել են 20-րդ դարի երկրորդ կեսին: Սակայն համեմատաբար վերջերս՝ մոտ 20 տարի առաջ, հայտնաբերվեցին լյամբդա ինտերֆերոններ, որոնք հայտնի են նաև որպես 3-րդ տիպի ինտերֆերոններ: Դրանք մի շարք առավելություններ ունեն նախկինում հայտնաբերված ինտերֆերոնների համեմատ. 3-րդ տիպի ինտերֆերոններն ապահովում են պաշտպանություն վիրուսների լայն շրջանակից (գրիպ, կորոնավիրուս և այլ սուր շնչառական վիրուսային վարակներ) և ազդում են տեղայնորեն, հիմնականում շնչառական ուղիների լորձաթաղանթի վրա՝ առանց իմունային համակարգի չափազանց ակտիվացում և ալֆա ինտերֆերոններին բնորոշ զգալի կողմնակի ազդեցություններ առաջացնելու։
Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի գիտնականների խումբը, Ռուսաստանի առողջապահության նախարարության Ա.Ա. Սմորոդինցևի անվան գրիպի գիտահետազոտական ինստիտուտի գործընկերների հետ միասին, լաբորատոր պայմաններում ռեկոմբինանտ լյամբդա ինտերֆերոններ ստացան։
«Նախ, մենք ստացանք սպիտակուցային պատրաստուկ, որը մարդու բջիջների վրա փորձարկումների ժամանակ ցույց տվեց հակավիրուսային ակտիվություն գրիպի վիրուսի, կորոնավիրուսի և Չիկունգունյա տենդի վիրուսի (փոխանցվում է մոծակի խայթոցով) դեմ», - РИА Новости-ի հետ զրուցում ասել է հետազոտության հիմնական հեղինակներից մեկը և Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանին առընթեր կենսաբժշկական համակարգերի և տեխնոլոգիաների բարձրագույն դպրոցի դոցենտ Ալեքսեյ Լոժկովը։
Այնուհետև ուսումնասիրությունը շարունակվել է լաբորատոր մկների վրա։
«Մենք ինտերֆերոն-լյամբդա ներարկեցինք ըստ պրոֆիլակտիկ սխեմայի՝ գրիպի A վիրուսի համավարակային շտամով վարակվելուց մեկ օր առաջ։ Ապացուցվեց, որ դեղամիջոցն արգելափակում է վիրուսի տարածումը կենդանու թոքերում, նվազեցնում է քաշի կորուստը և մահացությունը»,- ընդգծել է գիտնականը։
Բացի դրանից, Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանից հայտնել են, որ հետազոտությունը ցույց է տվել 3-րդ տիպի ինտերֆերոնների արդյունավետությունը երկրորդային վարակների դեպքում։ Ալեքսեյ Լոժկովը հիշեցնում է, որ 1918-1920 թվականների իսպանական գրիպի համավարակի ժամանակ բարձր մահացության հիմնական պատճառներից մեկը երկրորդային բակտերիալ վարակներն էին, որոնք առաջացել էին այնպիսի հարուցիչներով, ինչպիսիք են ոսկեգույն ստաֆիլոկոկը (staphylococcus aureus), պնևմոկոկերը (pneumococcus.) և այլն։
Ապագայում թիմի առջև խնդիր է դրվել ստանալու դեղամիջոց քթի կաթիլների կամ սփրեյի տեսքով, որը կարող է օգտագործվել որպես կանխարգելիչ միջոց մարդկանց շրջանում վիրուսային վարակների դեմ։
«Եթե մարդը շփվել է հիվանդ մարդու հետ, նա կարող է օգտագործել դեղամիջոցը և կանխարգելիչ կերպով նվազեցնել իր վարակի ռիսկը։ Բացի դրանից, լյամբդա ինտերֆերոնները կարող են օգտագործվել հիվանդության վաղ փուլերում, երբ մարդը նոր է սկսել զգալ թուլություն, կոկորդի ցավ կամ թուլություն»,- նշել է գիտնականը։
Միևնույն ժամանակ, հրապարակման հեղինակը զգուշացրել է, որ հիվանդության սուր փուլում (բարձր ջերմաստիճանի և տենդի դեպքում) ինտերֆերոնները, մասնավորապես 1-ին տիպի ինտերֆերոնները, պետք է զգուշությամբ օգտագործվեն, քանի որ դրանք կարող են նպաստել օրգանիզմում անցանկալի բորբոքային գործընթացների առաջացմանը։






