Տարվա սկզբից ի վեր Անգլիայում գրանցվել է չիկունգունյա տենդի ավելի քան 73 ներմուծված դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 դեպքի համեմատ, հայտնել են Մեծ Բրիտանիայի առողջապահական անվտանգության գործակալությունից (UKHSA):

«Վերջին տվյալները ցույց են տալիս չիկունգունյա տենդի ներմուծված դեպքերի թվի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 2025 թվականի հունվարից մինչև հունիս ամիսները գրանցվել է ընդհանուր առմամբ 73 դեպք: 2024 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է 27 դեպք: Այս ժամանակահատվածում 2025 թվականին գրանցված դեպքերի թիվը ամենաբարձրն էր գրանցումների սկսվելուց ի վեր»,- ասված է գործակալության հայտարարության մեջ:

Բոլոր դեպքերը գրանցվել են Անգլիայում, մեծ մասը՝ Լոնդոնում: Տվյալները տրամադրվում են միայն Անգլիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի շրջանների համար. Շոտլանդիայի վիճակագրությունը հավաքագրվում է առանձին: Դեպքերի մեծ մասը կապված է Շրի Լանկա, Հնդկաստան և Մավրիկիոս կատարած ճանապարհորդությունների հետ, որտեղ գրանցվել են հիվանդության տեղական բռնկումներ:

Այս ժամանակահատվածում գրանցվել է նաև Օրոպուչե տենդի ներմուծված երեք դեպք: Դրանք այս տեսակի արևադարձային տենդի առաջին դեպքերն են երկրում։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամուլի ծառայությունից հայտնել էինր, որ չիկունգունյա տենդի տեղական փոխանցման դեպքեր արդեն հայտնաբերվել են Ֆրանսիայում և Իտալիայում, այս վիրուսը տարածվում է ամբողջ աշխարհում՝ վտանգի ենթարկելով 5,6 միլիարդ մարդու։ Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը Չինաստանի Գուանդուն նահանգում գրանցվել է չիկունգունյա տենդի 2892 նոր դեպք։ Դեպքերի մեծ մասը՝ 2770-ը, հայտնաբերվել է Ֆոշան քաղաքում։

Չիկունգունյա տենդը վարակ է, որը փոխանցվում է միջատ-փոխանցողների (հիմնականում՝ A. aegypti և  A. albopictus տեսակների մոծակների) խայթոցների միջոցով։ Այդ վարակը էնդեմիկ է Աֆրիկայում, Հարավարևելյան Ասիայում, Հնդկական ենթամայրցամաքում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Կարիբյան ավազանում։