Նյու Յորքում լեգեոնելների հիվանդությունից մահացածների թիվը հասել է չորսի: Տխուր վիճակագրության մասին հաղորդում է ABC հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:

Նրանց տվյալներով՝ քաղաքում հինգշաբթի գրանցվել է հիվանդության չորրորդ մահացու դեպքը: Հուլիսի 25-ից, երբ Նյու Յորքում բռնկվել է «լեգեոնելների հիվանդությունը», վարակվել է 99 մարդ, որոնցից 17-ը հոսպիտալացվել են:

Քաղաքի առողջապահության ներկայացուցիչները լեգեոնելների հիվանդության տարածումը կապում են սառեցման աշտարակների ջրի աղտոտման հետ՝ հատուկ սարքեր, որոնք նախատեսված են ուղղորդված օդի հոսքի միջոցով մեծ քանակությամբ ջուր սառեցնելու համար: Լեգեոնելների հիվանդություն առաջացնող մանրէները հայտնաբերվել են նման 12 կառույցներում:

Լեգեոնելների հիվանդությունը տաք ջրում բազմացող Legionella ցեղի մանրէներից առաջացած թոքաբորբի տեսակ է: Լեգեոնելների հիվանդությունը զարգանում է սանտեխնիկական համակարգերում և կայանքներում, որոնք ստեղծում են բարենպաստ պայմաններ մանրէների աճի համար՝ սառեցման աշտարակներում, ջակուզիներում, ջրապտույտներում, խոնավեցնող սարքերում, կաթսաներում և խոշոր օդորակման համակարգերում գոլորշիացնող խտացուցիչներում: Վարակը կարող է ձեռք բերվել, օրինակ, ջրային գոլորշի ներշնչելով, ընդ որում մարդուց մարդուն փոխանցվելն անհնար է: