Բժիշկների և գիտնականների միջազգային խումբը կարծում է, որ բժշկական աբորտների համար օգտագործվող դեղամիջոցը կարող է օգնել կանխելու կրծքագեղձի քաղցկեղի զարգացումը հիվանդության բարձր ռիսկ ունեցող կանանց մոտ։
Սակայն, փորձագետները պնդում են, որ միֆեպրիստոնի հետ կապված «խարանը» դեղագործական ընկերություններին խանգարում է ուսումնասիրել դրա ներուժը՝ որպես նոր մեթոդ, որը բժիշկները կարող են օգտագործել կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը նվազեցնելու համար։
Ընկերությունները, ըստ ամենայնի, դժկամությամբ են կլինիկական փորձարկումներ անցկացնում՝ չնայած նախորդ երեք ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղամիջոցը կարող է դանդաղեցնել քաղցկեղային բջիջների աճը։
Փորձագետները հայտարարում են, որ բժշկական աբորտներում միֆեպրիստոնի դերը և այն փաստը, որ որոշ երկրներում աբորտների հասանելիությունը սահմանափակ է, խոչընդոտում են անհրաժեշտ հետազոտության անցկացմանը։
Մեծ Բրիտանիայում սա, միզոպրոստոլի հետ մեկտեղ, այն երկու դեղամիջոցներից մեկն է, որոնք կանայք ընդունում են մինչև 10 շաբաթական հղիությունն ընդհատելու համար։ Նրանք ընդունում են միֆեպրիստոնի հաբը, սպասում 24-48 ժամ, ինչից հետո ընդունում են միզոպրոստոլը։
«Խորը հիասթափություն է առաջացնում, որ կլինիկական բժշկության մի ոլորտում միֆեպրիստոնի հաջող կիրառումը խոչընդոտում է այլ ցուցումների վերաբերյալ ավելի լայն հետազոտություններին, որոնք կարող են օգուտ բերել հանրային առողջապահությանը», – ասվում է The Lancet Obstetrics, Gynaecology and Women’s Health ամսագրում հրապարակված ութ համահեղինակների կարծիքի հոդվածում։ Բոլոր հեղինակները վերարտադրողական առողջության կամ վերարտադրողական համակարգի քաղցկեղի ոլորտի փորձագետներ են և աշխատում են Լոնդոնում, Էդինբուրգում, Ստոկհոլմում և Էրբիլում (Իրաք)։
«Վաղուց ժամանակն է ուսումնասիրել միֆեպրիստոնը՝ որպես [կրծքագեղձի քաղցկեղի] առաջնային կանխարգելման ոչ վիրահատական մեթոդ», – ավելացնում են նրանք։
Կրծքագեղձի քաղցկեղը աշխարհի շատ երկրներում կանանց շրջանում ամենատարածված ուռուցքաբանական հիվանդությունն է և ամեն տարի խլում է շուրջ 670 000 կնոջ կյանք, հայտնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։