Գիտնականները շիզոֆրենիայի՝ Toxoplasma gondii անվամբ հայտնի՝ հողի, լավ չեփված մսի եւ ընտանի կենդանիների կղանքի հետ մարդու օրգանիզմ անցնող, այնուհետեւ էլ՝ պլազմայի ախտահարման հանգեցնող մակաբույծի հրահրմամբ ի հայտ եկած մի շարք դեպքեր են բացահայտել եւ ուսումնասիրել, հաղորդում է Medical News Today-ը:

Հետազոտության արդյունքներն այն մասին են վկայում, որ հիշյալ մակաբույծը կարելի է երկրագնդի բնակչության շուրջ 30 տոկոսի օրգանիզմում գտնել. այն, որպես կանոն, առանց որեւէ ախտանշան դրսեւորելու, մարդու ուղեղի մեջ եւ մկաններում է աճում եւ բազմանում: Մինչդեռ, ինչպես գիտնականներն են պարզել, տոքսոպլազմոզ անվանունը ստացած հիվանդությունը կարող է անձի եւ վարքագծի ախտաբանական փոփոխությունների հանգեցնել: Բացի այդ էլ, ինչպես մի շարք՝ նախկինում իրականացված հետազոտությունների արդյունքում է ապացուցվել, որոշ հակապսիխոտիկ դեղամիջոցներ մակաբույծի տարածումը դադարեցնելու ներուժ ունեն:

Վերը հիշատակված տվյալները հաշվի առնելով, ամերիկացի գիտնականները T.gondii-ով վարակված մարդկանց վերագրվող ողջ վիճակագրական բազան են վերլուծել՝ պարզելու համար, որ մակաբույծով վարակման վաղ ախտորոշմամբ կարելի է շիզոֆրենիայով հիվանդացության բոլոր դեպքերի հինգերորդ մասի կանխարգելման հասնել: Մասնագետները նաեւ նշել են, որ որոշ երկրներում, որտեղ T.gondii տարածվածության առանձնապես բարձր մակարդակ է առկա, շիզոֆրենիայով հիվանդացության մակարդակը եւս նշանակալիորեն բարձր ցուցանիշներով է բնութագրվում:

Փորձագետները վստահ են, որ հետազոտության արդյունքում ձեռք բերված վկայությունների մանրամասն դիտարկումը կարող է գիտնականների ուշադրությունը գրավել՝ տոքսոպլազմայի դեմ պայքարի խնդրի նկատմամբ: