Օդի աղտոտվածության երկարատև ազդեցությունը կարող է մեծացնել ուղեղի բարորակ ուռուցքների զարգացման վտանգը: Նման եզրակացության են հանգել Կոպենհագենի Դանիական քաղցկեղի ինստիտուտի գիտնականնները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology Clinical Practice (NCP) բժշկագիտական  հանդեսում:

Գիտնականներն ուսումնասիրել են մի շարք աղտոտիչների, ներառյալ՝ ազոտի երկօքսիդի և գերմանր մասնիկների ազդեցությունը: Քաղաքներում դրանք առաջանում են վառելիքի այրման, գրասենյակային (տպիչներ, պատճենահանող սարքեր), սննդի պատրաստման սարքավորումների և ծխելու ժամանակ:

Ըստ հետազոտության հեղինակ Ուլլա Հվիդտֆելդտի՝ նման մասնիկներն այնքան փոքր են, որ կարող են թափանցել արյուն-ուղեղային պատնեշը և անմիջականորեն ազդել ուղեղի հյուսվածքների վրա:

Հետազոտությանը մասնակցել է Դանիայի միջին 35 տարեկան գրեթե 4 միլիոն բնակիչ: 21 տարվա դիտարկման ընթացքում 16 հազար 596 մարդու կենտրոնական նյարդային համակարգի ուռուցք են ախտորոշել, միաժամանակ գրանցվել է մենինգիոմայի 4645 դեպք: Աղտոտված նյութերի ազդեցությունը գնահատվել է հասցեների տվյալների և համակարգչային մոդելավորման միջոցով:

Մենինգիոմաներն սարդոստայնաձև թաղանթի բջիջներից աճող ուռուցքներ են: Դեպքերի մեծ մասում ուռուցքը բարորակ է, ինչը նշանակում է, որ այն չի աճում շրջակա հյուսվածքի մեջ կամ մետաստազներ չի տալիս:

Տարիքը, սեռը, կրթությունը և սոցիալ-տնտեսական կարգավիճակը հաշվի առնելուց հետո, պարզվել է, որ մենինգիոմայի ռիսկն աճել է 10%-ով՝ յուրաքանչյուր 5747 մասնիկի կտրվածքով՝ մեկ խորանարդ սանտիմետր գերմանր մասնիկային նյութի համար:

Օդում PM2.5 մանր մասնիկային նյութի չորս միկրոգրամով մեկ խորանարդ մետրի համար (μգ/մ3) աճը կապված էր ռիսկի 21%-ի աճի հետ: Ազոտի երկօքսիդի (8,3 մկգ/մ3) ազդեցությունը մենինգիոմայի վտանգը մեծացրել է 12%-ով:

Ավելի ագրեսիվ ուռուցքների, մասնավորապես՝ գլիոմաների հետ որևէ կապ չի հայտնաբերվել: Գիտնականները նշում են, որ արդյունքները հաստատելու համար լրացուցիչ հետազոտություններ են պահանջվում: Ընդսմին, գիտնականները նշում են, որ օդի որակի բարելավումը կարող է կարևոր քայլ լինել ուղեղի ուռուցքների ռիսկը նվազեցնելու և հանրային առողջությունը բարելավելու գործում: