Մասնագետը հայտնել է, որ խորովածի մսի կեղևի, ինչպես նաև նրբերշիկների ու երշիկեղենի մեջ կան քիմիական նյութեր, որոնք կապված են քաղցկեղի զարգացման հետ։ Նրա խոսքով՝ դրանք պարտադիր չէ, որ ուռուցքաբանական հիվանդություններ առաջացնեն, բայց ռիսկը մեծանում է, երբ դրանք օգտագործվում են գարեջրի կամ այլ ալկոհոլի հետ համատեղ։ «Ալկոհոլը մեծացնում է վնասակար նյութերի ներծծումը արյան մեջ՝ ստեղծելով բարձր վտանգ», - հայտարարել է բժիշկը, հաղորդում է med-practic.com-ը։
Ուռուցքաբանն ավելացրել է, որ ոգելից խմիչքները վնասում են բերանի, կոկորդի և ստամոքսի լորձաթաղանթները՝ հեշտացնելով քաղցկեղածին նյութերի ներթափանցումը։ Բացի այդ, նա ընդգծել է, որ ալկոհոլն ինքնին քաղցկեղածին է և կարող է բերանի խոռոչի, կոկորդի, ձայնալարերի, կերակրափողի, հաստ և ուղիղ աղիքի, լյարդի և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ։
Ուռուցքաբանը խորհուրդ է տալիս խնջույքների ժամանակ ալկոհոլ չխմել, կամ սովորական նրբերշիկների ու մսի փոխարեն՝ ածուխի վրա ձուկ և բանջարեղեն խորովել։ Քաղցկեղածին նյութերի ազդեցությունը նվազեցնելուն նաև օգնում են ամբողջահատիկ մթերքները և բջջանյութը։






