Ուորվիքի համալսարանի գիտնականները մշակել են ադամանդե հիմքով նոր սենսոր, որն օգնում է հայտնաբերել քաղցկեղի մետաստազները՝ հետևելով օրգանիզմում մագնիսական հեղուկի շարժմանը: Գիտական աշխատանքը հրապարակվել է Physical Review Applied (PRA) բժշկագիտական  հանդեսում:

Ուռուցքային բջիջները կարող են տարածվել ավշային համակարգով դեպի այլ օրգաններ: Ավշահանգույցներն ախտահարված լինելու մասին պարզելու համար բժիշկները օգտագործում են հատուկ թեստեր՝ հենց դրանք որոշում են հետագա բուժման մարտավարությունը: Ներկայում մետաստազներ որոնելու համար օգտագործվում են ռադիոակտիվ մարկերներ կամ կապույտ ներկանյութեր: Սակայն երկու մեթոդներն էլ թերություններ ունեն. ռադիոդեղագործական միջոցները հասանելի չեն բոլոր կլինիկաներում, իսկ ներկանյութն բուժառուների մոտ մեկ տոկոսի շրջանում ալերգիկ ռեակցիա է առաջացնում:

Բրիտանացի ֆիզիկոսների ստեղծած նոր սարքը հավաք է, դյուրակիր և անվտանգ: Այն հիմնված է ադամանդի եզակի հատկությունների վրա. այսպես կոչված NV կենտրոնները (nitrogen-vacancy center- ազոտ-դատարկության կենտրոն՝ կամ ազոտով փոխարինված դատարկությունն ադամանդի բազմաթիվ կետային արատներից մեկն է. ադամանդի բյուրեղային ցանցի կառուցվածքի խափանում, դա տեղի է ունենում, երբ ածխածնի ատոմը հեռացվում է ցանցի տեղամասից, և արդյունքում առաջացած դատարկությունը կապվում է ազոտի ատոմի հետ -խմբ.) հնարավորություն են տալիս բյուրեղին հայտնաբերել մագնիսական դաշտի աննշան փոփոխությունները: Սենսորն արձագանքում է երկաթի օքսիդի նանոմասնիկներով մագնիսական հեղուկին, որը ներարկվում է ուռուցքի մեջ: Իր ճանապարհի երկայնքով հնարավոր է հետևել, թե որ ավշահանգույցներն են ախտահարված և ավելի ճշգրիտ հեռացնել դրանք վիրահատության ժամանակ։

 «Մեզ հաջողվել է սենսորի գլխիկը կրճատել, հասցնելով մինչև 10 մմ-ի. սա առաջին ադամանդե սարքն է, որը բավականաչափ փոքր է էնդոսկոպիայում և լապարոսկոպիայում կիրառելու համար»,- պատմում է հետազոտության գլխավոր հեղինակ Ալեքս Նյումանը։

Կոմպակտությունը ձեռք է բերվում ընդամենը 0.5 մմ³ ծավալով մանրադիտակային ադամանդի և զոնդի ծայրին ամրացված փոքր մշտական մագնիսի միջոցով։ Դրա շնորհիվ սարքը չի պահանջում ծավալուն էլեկտրոնիկա։

Բժիշկներն իրենք արդեն գնահատել են նորույթի ներուժը։

 «Ես պարբերաբար օգտագործում եմ մագնիսական նավիգացիա կրծքագեղձի քաղցկեղի բուժման մեջ. ավանդական մեթոդների նկատմամբ այն առավելություններ ունի։ Հետևաբար, Ուորվիքի համալսարանի հետ համագործակցությունը և մագնիսական տեխնոլոգիաների կատարելագործման ուղղությամբ աշխատանքը չափազանց կարևոր են»,- նշել է Քովենթրիի և Ուորվիքի հիվանդանոցի վիրաբույժ Ստյուարտ Ռոբերտսոնը։

Մշակողները կարծում են, որ ապագայում սենսորը կարող է կիրառվել այլ տեսակի՝ թոքերի, լյարդի, աղիքների և կերակրափողի ուռուցքների համար։