Լոնդոնյան King’s College քոլեջի և Queen Mary համալսարանի գիտնականները կարևոր տարբերություն են հայտնաբերել Ալցհայմերի հիվանդությունից տառապող կանանց օրգանզիմում լիպիդների՝ ճարպային մոլեկուլների կազմի մեջ, որոնք կարևոր դեր են խաղում մարմնի և ուղեղի գործունեության մեջ։

Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Alzheimer's & Dementia բժշկագիտական  հանդեսում:

841 մասնակիցների արյան վերլուծությունը ցույց է տվել, որ ախտորոշում ունեցող կանայք զգալիորեն նվազեցրել են «առողջ» չհագեցած ճարպերի, ներառյալ՝ օմեգա թթուների պարունակությունը։ Միևնույն ժամանակ, Ալցհայմերի հիվանդությունից տառապող տղամարդկանց շրջանում նման տարբերություններ չեն նկատվել։ Հետազոտողները կարծում են, որ դա վկայում է հիվանդության կենսաբանության մեջ սեռային տարբերության մասին։

Հագեցած լիպիդների համամասնությունը, որոնք համարվում են «վնասակար», հատկապես կտրուկ աճել է Ալցհայմերի հիվանդությունից տառապող կանանց շրջանում, մինչդեռ օմեգա թթուներով լիպիդները, ընդհակառակը, նվազել են։ Հաշվի առնելով, որ չհագեցած ճարպերը կարևոր են ուղեղի առողջության պահպանման համար, դա կարող է մասամբ բացատրել, թե ինչու է հիվանդությունն ավելի հաճախ ազդում կանանց վրա. օրինակ՝ Մեծ Բրիտանիայում դեմենցիայից տառապողների երկու երրորդը կանայք են։

Հեղինակները շեշտում են, որ մինչ այժմ միայն վիճակագրական կապ է հայտնաբերվել, և անհրաժեշտ են կլինիկական հետազոտություններ՝ պատճառահետևանքային մեխանիզմը հաստատելու համար։ Ընդսմին, գիտնականները կանանց խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել սննդի միջոցով ընդունվող օմեգա թթուների բավարար քանակին, օրինակ՝ յուղոտ ձկից կամ հավելումներից։

Գիտնականները հույս ունեն, որ տղամարդկանց և կանանց շրջանում հիվանդության տարբեր կերպ զարգացման ըմբռնումը ապագայում հնարավորություն կտա ավելի ճշգրիտ սննդային առաջարկություններ և կանխարգելման ու բուժման անհատական մեթոդներ մշակել։