Շվեդիայի Կարոլինսկա ինստիտուտի գիտնականները պարզել են, որ տարիքի հետ մկաններում և անոթներում կուտակվող գենետիկական փոփոխությունները թուլացնում են մկանները և արագացնում անոթային համակարգի ծերացումը։ Հայտնագործությունը կարող է օգնել տարիքային հիվանդությունների բուժման հարցում։ Աշխատանքը հրապարակվել է Nature Aging ամսագրում։

Խոսքը սոմատիկ մուտացիաների մասին է՝ բջիջների ԴՆԹ-ում առաջացող սխալներ, որոնք ի հայտ են գալիս կյանքի ընթացքում՝ արտաքին գործոնների ազդեցության կամ բջիջների բաժանման ժամանակ պատահական խափանումների հետևանքով։ Հայտնի է, որ դրանք կարող են քաղցկեղ առաջացնել, սակայն այլ գործընթացներում դրանց դերը երկար ժամանակ վիճելի է մնացել։

«Մենք պարզել ենք, որ մկանային բջիջներում և անոթներում կուտակվող մուտացիաները խախտում են դրանց աշխատանքը և վերականգնման կարողությունը։ Իսկ չէ՞ որ հենց այդ կարողությունն է տարիքի հետ աստիճանաբար նվազում»,- նշել է հետազոտության ղեկավար, Կարոլինսկա ինստիտուտի պրոֆեսոր Մարիա Էրիկսոնը։

Էրիկսոնը դեռևս 2003 թվականին հայտնաբերել էր պրոգերիայի՝ երեխաների մոտ հազվադեպ հանդիպող և արագացված ծերացմամբ ուղեկցվող հիվանդության գենետիկական պատճառը։ Այժմ նրա խումբը ցույց է տվել, որ նմանատիպ մուտացիաներ և դրանց հետ կապված պրոգերին սպիտակուցը կարող են հանդիպել նաև երիկամների քրոնիկական հիվանդությամբ չափահաս հիվանդների մոտ։ Մկների մոտ պրոգերին արտադրող բջիջները կուտակումներ են առաջացրել անոթային պատերի երկայնքով։ Դրանք առաջացնում են հյուսվածքների վնասում և արագացնում անոթների ծերացումը։

Գիտնականները նաև ուսումնասիրել են, թե ինչպես են այդ նույն մուտացիաներն ազդում մկանների վրա։ Պարզվել է, որ մուտացիաների կուտակման դեպքում մկաններն ավելի վատ են վերականգնվում, փոքրանում են չափերով և զանգվածով, իսկ բռնելու ուժը զգալիորեն նվազում է։ Հենց սոմատիկ մուտացիաներն են ունակ արագացնել ծերացման գործընթացները և նվազեցնել հյուսվածքների ֆունկցիաները։

«Մուտացիաների տարբեր օրգանների ֆունկցիայի վրա ազդեցության ըմբռնումը կօգնի մշակել նոր բիոմարկերներ և թերապիաներ՝ տարիքային հիվանդությունների դեմ։ Բացի այդ, մեր արդյունքները ցույց են տալիս հազվագյուտ հիվանդությունների ուսումնասիրության արժեքը. դրանք կարող են առաջարկել ավելի տարածված հիվանդությունների բուժման եղանակներ», - ընդգծել է Էրիկսոնը։