Կալիֆոռնիացի տղամարդը վարակվել է ժանտախտով, և ըստ Էլ Դորադո շրջանի գլխավոր վարչակազմի գրասենյակի կայքում հրապարակված հայտարարության՝ բժիշկները ենթադրում են, որ այն առաջացել է վարակված լվի խայթոցից։

 «Սաութ Լեյք Թահոյի բնակչի ժանտախտի թեստը դրական արդյունք է ցույց տվել... Ենթադրվում է, որ տղամարդուն, ամենայն հավանականությամբ, ճամբարում խայթել է վարակված լուն»,- ասված է հայտարարության մեջ։

Վարակված տղամարդը բուժվում է տանը, և իշխանությունները հետաքննություն են սկսել։

Տեղական իշխանությունները հիշեցրել են, որ Կալիֆոռնիայի շատ մասերում ժանտախտի բնական օջախներ կան, և այդ առումով նրանք բնակիչներին հորդորել են կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, հատկապես զբոսանքի ժամանակ։

Վերջին անգամ ժանտախտը հայտնաբերվել է Կալիֆոռնիայի այդ տարածքում 2020 թվականին, այն ժամանակ վարակված անձին հաջողվել է ապաքինել։