Մինչեւ բոլորովին վերջերս Էբոլայի դեմ դեղամիջոցների եւ պատվաստանյութի մշակմանն ուղղված հետազոտութուններ չեն իրականացվել՝ այն պատճառով, որ հիվանդությունն իր գոյություն ողջ ընթացքում երբեք Աֆրիկայի աղքատ երկրների սահմանները չի լքել: Տեսակետը, The Daily Mail-ի վկայակոչմամբ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Մարգարեթ Չենն է հայտնել:

«Գործնականում գիտահետազոտական աշխատանքների համար խթանիչների բացակայություն էր նկատվում: Շահույթով մոտիվացված ոլորտը ներդրումներ չէր իրականացնում այն շուկաներում, որոնք ցածր վճարողունակությամբ են բնորոշվում», - հայտարարել է Մարգարեթ Չենը՝ ելույթ ունենալով կազմակերպության աֆրիկյան տարածաշրջանային կոմիտեի՝ Բենինի Կոտոնու քաղաքում կայացած նիստին:  

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նաեւ նշել է, որ, ցավոք սրտի, վերջին տասնամյակներին ԱՀԿ-ի երկու գլխավոր փաստարկներ անուշադրության են մատնվել, եւ այսօր աշխարհի բոլոր բնակիչներն իրենց հեռուստացույցների էկրանին դրա հետեւանքներն են տեսնում: Առաջին փաստարկը աղքատ երկրներում գործող առողջապահական համակարգերի ամրապնդման հրատապ անհրաժեշտությանն էր վերաբերում: Երկրորդը հարցի տեսքով էր՝ առ այն, թե ինչու, չնայած այն բանին, որ Էբոլան դեռեւս չորս տասնամյակ առաջ է հայտնվել, մինչ այժմ դրա դեմ որեւէ պատվաստանյութ կամ արդյունավետ դեղամիջոց չի մշակվել: 

Մարգարեթ Չենի համոզմամբ, պատվաստանյութի եւ դեղամիջոցների բացակայության պատճառն այն է, որ Էբոլան մինչեւ վերջերս Աֆրիկայի աղքատ երկրների սահմանները երբեք չէր լքել. այդ պայմաններում դեղագործական ընկերությունները շահույթի ստացման հեռանկարներ չեն տեսել: «Բայց հիմա արդեն խնդիրն ակնառու է դարձել բոլորի համար», - հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավարը: