Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի մրցույթում հաղթող մասնակից չեղավ: Թեկնածուներից մեկը չէր ներկայացել, մյուսը` Վահե Բաբայանը անցողիկ 90 միավորից հավաքեց 86.51 միավոր:
Նա NEWS.am-Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ չափորոշիչները շատ խիստ են.
«Շատ խիստ են չափորոշիչները, համարյա պահանջվում է բառացի օրենքի ձևակերպումներով պատասխանել, որը իրոք դժվար է, 5 օրենսգիրք, 2 կառավարության որոշում: Զարգացման ծրագրի հետ կապված դժվար է, չլինելով հիվանդանոցում, տեղյակ չլինելով ֆինանսական վիճակից, թվերից, որևէ ծրագիր մշակել», - մրցույթից հետո նշեց մասնակիցը: Վերջինս 1 ժամ ունի որոշելու համար կբողոքարկի արդյունքները, թե ոչ, առայժմ որոշում չունի։
Վահե Բաբայանը 26 տարվա փորձ ունի որպես հոգեբույժ, փորձագետ: Այժմ ՀՀ փորձագիտական կենտրոնում է աշխատում: Մինչ այդ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում աշխատել է որպես փոխտնօրեն:
Նշենք, որ լրագրողները ընտրության ընթացքը լուսաբանելու հնարավորություն չունեցան: Ըստ նախարարության ընթացակարգի` միայն որպես դիտորդ մասնակցելու հնարավորություն տրվեց, սակայն դիտորդներին ներս չթողեցին: Նրանց տեղավորեցին առանձին դահլիճում, որտեղից տեսակապով հետևում էին ընտրության ընթացքին, ինչը, սակայն այդքան էլ արդյունավետ չէր ձայնի վատ որակի պատճառով:
«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ ղեկավար Անուշ Պողոսյանի կարծիքով, «սա կոպտագույն խախտում է, քանի որ նման ընթացակարգ ՀՀ կառավարության 2022 թվականի 129 - Ն որոշմամբ նախատեսված չէ»։
Նշենք, որ նախորդ շաբաթ կայացած Մասիսի և Արտաշատի բժշկական կենտրոնների տնօրենների մրցույթում ևս հաղթողներ չեն եղել։






