Հարվարդի եւ Նոր Հարավային Ուելսի համալսարանները ներկայացնող համատեղ գիտահետազոտական խմբի անդամները զարմանալի բացահայտման մասին են հայտարարել. նրանց հաջողվել է լաբորատոր մկների ծերացման գործընթացը դադարեցնել: Գիտնականներն, իրենց իսկ մեկնաբանմամբ, բնական սպիտակուցներ եւ մոլեկուլներ են կիրառել՝ ծերացման համար պատասխանատու գեներն անջատելու եւ «երիտասարդ» գեներն ակտիվացնելու համար, հաղորդում է Metro-ն:

Առայժմ միայն լաբորատոր մկների նկատմամբ փորձարկումների արդյունքներն են հայտնի, սակայն մարդկանց նկատմամբ կլինիկական փորձարկումների առաջին փուլն այս պահին արդեն ընթացքի մեջ է:

«Մենք այնպիսի գեներ ենք բացահայտել, որոնք մարմնի՝ ծերացման դեմ պայքարը վերահսկելու ներուժ ունեն: Ճիշտ ակտիվացման դեպքում դրանք կարող են, գոնե լաբորատոր մկների պարագայում, ծերացման գործընթացի գերարդյունավետ շրջադարձ նախաձեռնել», – հայտարարել է գիտահետազոտական խմբի ղեկավար պրոֆեսոր Դեւիդ Սինկլերը:

«Մենք դրանց NMN անվամբ հայտնի մոլեկուլ ենք ներարկել, ինչի ազդեցությամբ մեկ շաբաթվա ընթացքում մկաններում ընթացող ծերացման գործընթացի դադարեցում է արձանագրվել», - մեկնաբանել է գիտնականը:

Նրա խոսքով, բացահայտումը կարող է օրգանիզմի բջիջների երիտասարդացմանը միտված դեղամիջոցների մշակմանը նպաստել: Ու թեեւ մարդկանց նկատմամբ փորձարկումները բոլորովին վերջերս են մեկնարկել, ակնկալվում է, որ դրանց արդյունքներն եւս պետք է խոստումնալից լինեն: