Թրոմբների խնդիրը բնութագրական չէ որեւէ կոնկրետ բժշկական դիսցիպլինի համար. այն, ավելի շուտ, միջդիսցիպլինային է հանդիսանում: Տեսակետը կլինիկական հեմոստազիոլոգիայի ռուսական գիտական ընկերակցության նախագահ Եւվգենի Ռոյտմանն է հայտնել:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում վերջինս նշել է, որ թրոմբոզը տարածվածության բավականին բարձր մակարդակով է աչքի ընկնում, եւ որ այդ խնդրով բժշկության տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետներ են զբաղվել ու զբաղվում:
Փորձենք պարզել, թե, արյունաբանությունից զատ, բժշկական էլ որ ոլորտներն են թրոմբոզի խնդրին առնչվում:
• Մանկաբարձություն. արյան մակարդուկները կարող են լուրջ բարդություններ հրահրել՝ հղի կանանց շրջանում եւ նույնիսկ մոր ու պտղի մահվան պատճառ դառնալ: Թրոմբոֆիլիան վիժման դեպքերի գլխավոր պատճառներից մեկն է հանդիսանում:
• Նյարդաբանություն. թրոմբոզը ինսուլտի առաջացման պատճառներից մեկն է համարվում:
• (Սրտի) վիրաբուժություն. թրոմբոզը կարող է հավելյալ բարդություններ առաջացնել՝ տարատեսակ վիրաբուժական միջամտությունների համար:
• Անոթային վիրաբուժություն. այս ուղղությունը երակներում խցանում առաջացրած աթերոսկլերոտիկ մակարդուկներից ազատվելու հնարավորություն է ընձեռում: Օրինակ, բազմաթիվ երկրներում այսօր էնդարտերէկտոմիան՝ քներակից աթերոսկլերոտիկ մակարդուկների հեռացումը լայն տարածում ունի:
• Սրտաբանություն. թրոմբոզը կարոզ է մի շարք սրտանոթային խնդիրների, այդ թվում նաեւ՝ սրտի կաթվածի առաջացման պատճառ դառնալ:
• Ակնաբուժություն. աչքը սնուցող արյունատար անոթների թրոմբոզ եւս գոյության ունի, որի արդյունքում տեսողության հետ կապված մի շարք խնդիրներ կարող են ի հայտ գալ:






