ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի այսօր, օգոստոսի 28–ին, կայացած մրցույթում հաղթող է ճանաչվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ծառուկյանը։
Նա թեստային քննության արդյունքում հավաքել է 100 միավոր, բանավոր քննության արդյունքում` 119 միավոր:
Մրցույթին մասնակցում էին 4 թեկնածու` «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը, ՈւԱԿ-ի նախկին աշխատակից, վիրաբույժ Գագիկ Համբարձումյանը, որին աշխատանքից ազատել էր արդեն նախկին տնօրեն Նարեկ Մանուկյանը, ՈւԱԿ-ի Անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Գուրգեն Գրիգորյանը և հիվանդանոցի տնօրենի ներկայիս ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ծառուկյանը: Ընտրող հանձնաժողովը նախագահել է նախարար Անահիտ Ավանեսյանը։
Անուշ Պողոսյանը բողոքարկել է մրցույթի արդյունքները։ Ըստ ընթացակարգի, 2 օրում պետք է ստեղծվի հանձնաժողով, այնուհետև 5 օրում այն պետք է քննի բողոքը և տա եզրակացություն, որից հետո էլ 3 օրվա ընթացքում պետք է ընդունվի որոշում ընտրության արդյունքների վերաբերյալ։
Հիշեցնենք, որ Կարեն Ծառուկյանը նշանակվել էր ՈւԱԿ-ի տնօրենի ԺՊ Նարեկ Մանուկյանի հրաժարականից հետո։ Մինչ այդ նա զբաղեցնում էր Օնկոուրոլոգիական բաժանմունքի վարիչի պաշտոնը։






