ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ընտրության ժամանակ թեկնածուներից ոչ մեկը չանդրադարձավ ոլորտի իրական խնդիրներին, նրանց ներկայացրած զարգացման ծրագրերն իրականությունից կտրված էին։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասել է «Անկախ փորձագետ» ՀԿ հիմնադիր նախագահ Ծաղիկ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ նախ զարմանալի էր, որ ընտրող հանձնաժողովը հենց առողջապահության նախարարն էր նախագահում․ «Առաջին անգամ եմ հանդիպում նման բանի։ Որպես կանոն լինում են կամ փոխնախարարները, կամ գլխավոր քարտուղարը»։

Փորձագետը նաև նկատել է, որ հարցադրումները հավասարաչափ չեն բաշխվել․ «Չեմ կարող ասել, որ բոլոր 4-ի նկատմամբ հավասար էին հարցադրումները։ Կային որոշակի տարբերակումներ հարցերի, ընդհանուր ստեղծված միջավայրի հետ կապված։ Գուցե դա նախադրյալներ ուներ, բայց դա ակնառու էր։ Պատասխաններն էլ շատ պրոֆեսիոնալ, զուտ կառավարչական տեսլականով չարձանագրվեց»։

Վարդանյանը նշեց, որ թեկնածուների ծրագրերը իր մոտ բավարար տպավորություն չեն թողել․

«Անկեղծ ասած՝ անձամբ ինձ որևէ մեկինը դուր չի եկել։ Ավելի շատ տեղայնացված էր, հատվածական, ոչ մեկը չնշեց ուռուցքաբանության ազգային կենտրոնի հզորացման մասին, ֆինանսական հասանելիության խնդիրների լուծման ճանապարհներ գտնելու մասին։ Այսօր օնկոլոգիայի հետ կապված ծախսերը աղետալի են»։

Նրա կարծիքով՝ թեկնածուների ծրագրերը կտրված էին իրականությունից․

«Ոչ մեկը չխոսեց բնակչության, դիմողների գոհունակության ցուցանիշի գնահատման և դրա հետ կապված ռազմավարական խնդիրների մասին։ Մի տեսակ այս ամենը իրականությունից կտրված էր։ Զուտ գործառնական՝ որ բաժանմունքը պետք է ավելացնենք, իրար միացնենք, ինչ անենք, որ ավելի շատ գումար աշխատենք, այս հարցերի շուրջ էին։ Օնկոլոգիական ուղղությունը պետք է ավելի շատ սոցիալական լինի, ոչ թե շահույթ հետապնդող գործունեություն։ Պետք է ապրելիության ցուցանիշը բարձրանա, մահացությանը իջնի, որակի հետ կապված խնդիրները լուծվեն, մարդկանց համար հասանելիությունը բարձրանա, որ մարդիկ չվախենան հիվանդանոց մտնեն։ Ինչու չէ, որոշակի ֆոնդերի ներգրավվածություն պետք է լինի մարդկանց բուժման համաֆինանսավորման մեջ»։

Փորձագետը նաև անդրադարձավ ժամանակավոր պաշտոնակատարի մասնակցությանը մրցույթում․«Դա շատ հասկանալի է, քանի որ տվյալ անձը ընտրվել է հենց առողջապահության նախարարության կողմից որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Խոսքը, այնուամենայնիվ, ուռուցքաբանության ազգային կենտրոնում վաղուց աշխատող բժշկի մասին է։ Միանշանակ ինքը դեռ ճանապարհ ունի անցնելու, որպես կառավարիչ, կարելի է ասել, նախնական փուլում է։ Իր նկատմամբ բարյացակամ վերաբերմունքը միանշանակ նկատելի էր»։

Վարդանյանի խոսքով՝ թեկնածուներից ոչ մեկը չի ներկայացրել կենտրոնի զարգացման ռազմավարական տեսլականը․

«Այն վեկտորի փոփոխությունը, որ պետք է ունենա այդ կենտրոնը, ես ոչ մեկի ծրագրում չտեսա։ Ես տեսնում եմ, որ ուղղակի ունենալու ենք ներքին կառավարիչ։ Մյուս կողմից՝ դա պետական հիմնարկ է, չունի ինքնուրույնություն, նրա բոլոր քայլերը կառավարվելու է նախարարության կողմից»։

Ի վերջո, փորձագետը եզրափակեց իր կարծիքը՝ նշելով, որ մրցույթի ընթացակարգն ինքնին արդյունավետ չէ․ «Այս ամենը հաշվի առնելով պետք է անկեղծ լինել ու ասել, որ հիմնադրի համար ցանկալի մարդ պետք է լինի, իր մտահաղացումների պրովայդերը պետք է լինի այդ կազմակերպությունում։ Եթե ինձ հարցնեն, ես ընդհանրապես այս մրցույթ հասկացությունը կհանեի, կդնեի պարտադիր պահանջ՝ մագիստրոսական կառավարչական որակավորում ունենալը»։

Հիշեցնենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀ ԱՆ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ընտրությունը։ Մասնակիցները 4-ն էին՝ Անուշ Պողոսյան, Գուրգեն Գրիգորյան, Գագիկ Համբարձումյան, Կարեն Ծառուկյան։ Հանձնաժողովի քվեարկության արդյունքում ընտրվեց կենտրոնի ներկայիս տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Ծառուկյանը։