Բրազիլիայի Լոնդրինա քաղաքի բնակիչներից մեկը ռադիկալ վիրահատության է ենթարկվել՝ աղիքներում հայտնված կենդանի հարավամերիկյան երկշունչ ձուկը հեռացնելու նպատակով, հաղորդում է The Daily Mail-ը:
Վերը բերված տեսանյութում է, թե ինչպես են վիրաբույժները սովորաբար մինչեւ 125 սմ երկարության հասնող եւ արտաքինից օձաձկան նմանվող կենդանուն հանում «հիվանդի» աղիներից: Ընդ որում, ձուկը կենդանության բացահայտ նշաններ է ցույց տալիս՝ հեռացվելիս: Համաձայն չճշտված տեղեկությունների, տվյալ պարագայում այն շուրջ 60 սմ երկարություն է ունեցել:
Բրազիլական լրատվամիջոցների հաղորդմամբ, ենթադրվում էր, որ վիրահատությունից քիչ անց երկշունչ ձուկը էվթանազիայի պետք է ենթարկվի:
Լոնդրինայում գործող Hospital Universitário-ի (համալսարանական հիվանդանոց) բուժանձնակազմի օգնությանը դիմած տղամարդու ինքնությունը չի հաղորդվում: Նրա աղիներում հայտնված՝ տեղացիների շրջանում «պիրամբոյա» անվամբ հայտնի ձկան պատմությունը նկարագրող տեսանյութը իսկական սենսացիա է դարձել՝ LiveLeak կայքում: Վիրահատության ընթացքում անընդհատ բուժանձնակազմի ծիծաղն է լսվում: Վիրահատական խմբի անդամներից մեկն ասում է. «Սա իսկական պատմություն է դառնալու» եւ մյուսն էլ ավելացնում՝ «Հենց նոր նկարն էլ. փոստով ուղարկեցի»:
Միջադեպի հետեւանքով համալսարանի ռեկտորն արգելանք է դրել՝ վիրահատական կենտրոնում բջջային հեռախոսների կիրառման վրա: Թեեւ որոշ դեպքերում նմանատիպ ձայնագրությունները խրախուսվում են՝ ուսուցողական նպատակներով եւ հետագա քննարկումների համար: Միակ պայմանն այն է, որ վիրահատվողի ինքնությունը չբացահայտվի:
Այդուհանդերձ, այս պարագայում ներքին հետաքննություն է սկսվել՝ վիրահատության ընթացքում՝ առանց հիվանդի համաձայնության արված ձայնագրության հեղինակի ինքնությունը պարզելու նպատակով: Վիրահատական խմբի մի շարք անդամներ, ներառյալ՝ վիրաբույժը, արդեն իսկ բացատրություններ են տվել՝ միջադեպի առնչությամբ:
Մեղավորին զգուշացում, մասնագիտական գործունեության ընդմիջում կամ աշխատանքից հեռացում է սպասվում:
Հատկանշական է, որ նմանատիպ՝ աղիներից օձաձուկ հեռացնելու նպատակով մեկ վիրահատություն էլ անցած տարի Չինաստանում է տեղի ունեցել: Տեղական բուժհասատություններից մեկում իրականացված վիրաբուժական միջամտության արդյունքում չինացի տղամարդու որովայնից հեռացված ձուկը 1 կգ քաշ եւ ավելի քան 50 սմ երկարություն է ունեցել:
Երկու դեպքերում էլ «հիվանդները» հրաժարվել են կենդանիների՝ իրենց աղիքներում հայտնվելու պատճառը նշել:






