Կարելի՞ է արդյոք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված ֆինանսական ռեսուրսներն առավել արդյունավետ օգտագործել: Հարցի պատասխանը նոյեմբերի 3-ին մեկնարկած՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման նպատակով իրականացվող ներդրումների արդյունավետության հարցերով տարածաշրջանային սեմինարի ընթացքում է տրվելու:
Ինչպես ներդրումների եւ ռեսուրսների կիրառման արդյունավետության հարցերով տարածաշրջանային խորհրդատու Մանուելա Մանովան է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել, սեմինարը ռեսուրսների օգտագործման օպտիմալացման հանգեցնող ուղիներ գտնելու եւ նեդրումներից ստացվող արդյունքները բարելավելու նպատակ է հետապնդում: Դրա համար առաջին հերթին պետք է հաշվել, թե ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարին նպատակաուղղված ինչպիսի ռեսուրսներ են տարածաշրջանի 6 երկրներում (Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում, Ուկրաինայում, Ղազախստանում եւ Ղրղըզստանում) կիրառվում, ձեռնարկվող միջոցառումների որ մասն է արդյունքներ տալիս եւ ինչ կարելի է անել՝ նույն ռեսուրսների շահագործմամբ ավելի լավ արդյունքներ ստանալու համար:
«Ի՞նչ ռեսուրսներ ենք այսօր կիրառում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հետ կապված խնդիրների լուծման համար, եւ ի՞նչ արդյունքներ են այդ ներդրումները տալիս: Ի՞նչ վիճակով է համաճարակը 2020թ.-ին բնութագրվելու, եթե մինչ այդ շարունակենք ներկայիս բյուջեով եւ դրա ընթացիկ բախշմամբ առաջ շարժվել: Որքանո՞վ ցածր են հիվանդության տարածվածության եւ մահացության ցուցանիշները լինենու», - բարձրաձայնել է Մանուելա Մանովան՝ նշելով, որ հարցերի պատասխաններն անչափ կարեւոր են՝ ձեռքի տակ եղած բյուջեի օպտիմալացման համար:
Իսկ ինչո՞ւ է ոլորտում կիրառվող ռեսուրսների օպտիմալացումն այդքան կարեւոր: Մասնագետի գնահատմամբ, խնդրո առարկա ուղղությամբ միջազգային ֆինանսավորման ծավալներն, ամենայն հավանականությամբ, տարեց տարի նվազելու են կամ, լավագույն դեպքում, շարունակելու են ընթացիկ մակարդակի վրա մնալ: Այդ պայմաններում կառավարությունները ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի դեմ պայքարին ավելի մեծ ծավալով ազգային միջոցներ ուղղելու անհրաժեշտությանը կարող են բախվել, ուստի, այդ հեռանկարը հաշվի առնելով, առավելագույն արդյունքների ստացման համար, առկա միջոցների ճիշտ բաշխումն իրականացնելու կարողությունը մեծ կարեւորություն է ներկայացնում:
Իսկ թե իրոք ինչ կարելի է անել՝ առկա բյուջեի բաշխումն օպտիմալացնելու եւ լավագույն արդյունքները ստանալու համար, ամենայն հավանականությամբ, սեմինարի շրջանակում ձեռնարկված աշխատանքների ամփոփման օրը կիմանանք:
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերով համընդհանուր ծրագրի, Համաշխարհային Բանկի, ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի համաշխարհային հիմնադրամի, Միավորված Ազգերի Կազմակերպության զարգացման ծրագրի եւ Ավստրալիայում գործող Հարավային Ուելսի համալսարանի նախաձեռնությամբ նոյեմբերի 3-ին մեկնարկած սեմինարը 5 օր է տեւելու: Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել մի շարք միջազգային կազմակերպությունների եւ ՄԱԿ-ի կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ մասնագետներ՝ Հայաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ղազախստանից եւ Ղրղըզստանից:






