2025թ․-ի սեպտեմբերի 2-ին «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի և Valley Children’s Healthcare-ի միջև կստորագրվի համագործակցության երկրորդ փուլի հուշագիրը, որը նախատեսում է․

զարգացնել համագործակցությունը թիրապային բոլոր ուղղություններով, ներառյալ բայց չսահմանափակվելով, մանկական անհետաձգելի բուժօգնություն, մանկական նյարդաբանություն, մանկական նյարդավիրաբուժություն, մանկական ՎԻԹ և նեոնատալ ՎԻԹ։

  • Շարունակել բուժքույրական կրթությունը
  • ամրապնդել որակի մշտադիտարկման և կառավարման համակարգերը,
  • շարունակել կրթական ծրագրերը՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր մարզերը և տեղայնացնելով լավագույն միջազգային փորձը։

Ինչպես հայտնում են «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ից, հիվանդանոցը 2023թ․-ի նոյեմբերին միջազգային համագործակցության հուշագիր ստորագրեց ԱՄՆ Կալիֆորնիայի առաջատար մանկական բուժհաստատություններից մեկի՝ Valley Children’s Healthcare-ի հետ։

Համագործակցության հիմնական նպատակը Հայաստանի մանկական առողջապահության զարգացումն է՝ բուժական ոլորտում որակի և բուժառուների անվտանգության միջազգային չափանիշներ ներդնելով, մասնագիտական փորձի փոխանակմամբ և կրթությամբ։

Համագործակցության հիմնական ուղղություններ․

  • Բժշկական փորձի փոխանակում փոխադարձ այցերի և համատեղ աշխատանքի միջոցով,
  • Բուժքույրական կրթություն և վերապատրաստում,
  • Որակի վերահսկման և մշտադիտարկման համակարգի ներդրում,
  • Թիրախային նեղ մասնագիտական ուղղությունների զարգացում,
  • Կրթական գիտաժողովների կազմակերպում՝ միջազգային գիտելիքի տարածման և տեղայնացման նպատակով։

Արդյունքներ և ձեռքբերումներ․

Հուշագրի ստորագրումից ի վեր իրականացվել է ութ մասնագիտական փոխայցելություն՝ ներառյալ ԱՄՆ գործընկերների երկու այցերը Հայաստան։

«Ուիգմոր»-ից արդեն հինգ մասնագիտական խումբ մեկնել է ԱՄՆ վերապատրաստման՝ տարբեր մասնագիտացումներով․ մանկական անհետաձգելի բուժօգնություն, մանկաբուժություն, մանկական վիրաբուժություն, մանկական նյարդաբանություն և նյարդավիրաբուժություն, դիմածնոտային վիրաբուժություն, ճառագայթաբանություն, գաստրոէնտերոլոգիա, վնասվածքաբանություն, ինչպես նաև ադմինիստրատիվ կառավարում։

Հայաստանում ԱՄՆ մասնագետների մասնակցությամբ անցկացվել են դասընթացներ, աշխատարաններ և գիտաժողովներ Երևանի ու մարզերի բժիշկների համար։

2024թ․-ին հուլիսի 1-12-ը «Ուիգմոր»-ը Երևանում հյուրընկալեց «Valley Children’s»-ի անդրանիկ այցը Հայաստան։ Երկշաբաթյա այցի ընթացքում պատվիրակությունը «Ուիգմորի» բժշկական թիմերի հետ աշխատել է համապատասխան բաժանմունքներում՝ կիսելով համատեղ բժշկական օգնություն կազմակերպելու փորձն ու գիտելիքները։ Այցի շրջանակում նաև տեղի ունեցավ «Մանկական նյարդաբանության և նյարդավիրաբուժության արդի խնդիրներ» թեմայով գիտաժողովը, որին մասնակցեցին շուրջ 70 մասնագետ Հայաստանի տարբեր բուժհաստատություններից։

2024-2025 թթ․ ընթացքում նյարդաբանների և նյարդավիրաբույժների սերտ համագործակցությամբ իրականացվեցին դեղակայուն մանկական էպիլեպսիայի վիրահատությունների նախապատրաստական աշխատանքներ։ Իսկ 2025թ․-ի ապրիլին Ուիգմորի մանկական նյարդավիրաբույժների կողմից հաջողությամբ վիրահատվեցին մանկական դեղակայուն էպիլեպսիա ունեցող երեք երեխա, որոնցից ամենափոքրը՝ 1,5 տարեկան: