Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի տնօրենի մրցույթում մասնակիցներից որևէ մեկին չընտրելը կապված չէր նրանց ոչ պատրաստ լինելու հետ, ուրիշ պատճառներ կան, կարծում է «Անկախ փորձագետ» ՀԿ հիմնադիր նախագահ Ծաղիկ Վարդանյանը, որը ներկա է եղել ընտրությանը որպես դիտորդ։ 

NEWS Medicine-ի հետ զրույցում նա նշեց, որ 3 թեկնածու էին հայտ ներկայացրել, սակայն ներկայացան երկուսը՝ Նարեկ Զեյնալյանն ու Նարեկ Վանեսյանը,  և բավականին սուր պայքար էր ընթանում նրանց միջև։ Ըստ նրա, 2 թեկնածուներն էլ բավականին պատրաստված էին, և դա սպասելի էր։ Այնուամենայնիվ, Նարեկ Վանեսյանն առանձնացավ ավելի ամբիցիոզ ծրագրերով, սակայն ստացավ ավելի ցածր միավոր, քան մյուսը։ 

«Դա ակնառու էր բոլոր նրանց համար, ովքեր հետևում էին որպես դիտորդ այդ մրցույթին և նաև, իմ կարծիքով, հանձնաժողովի անդամների համար՝ անկախ նրանց գնահատակններից», - ասաց նա, հավելելով, որ Նարեկ Վանեսյանի ներկայացրած զարգացման ծրագիրը «նման չէր այն ճահճին, որի մեջ լողում ենք ու սա պետք է գնահատվի»։ Ծաղիկ Վարդանյանի խոսքով, դա մոդերնիզացիայի ծրագիր էր, նոր մոտեցումներով՝ կանաչ ու նանոտեխնոլոգիաների ներդրմամբ։ 

«Եթե մենք դա նույնիսկ համարենք ամբիցիոզ, ինչպես բնորոշեցին հանձնաժողովի անդամները, պետք է կարողանալ ճիշտ ձևով երազել, ունենալ ճիշտ և բարձր ամբիցիաներ, որպեսզի կարողանալ ստեղծել նոր բան։ Մենք պետք է չխեղդենք, չհիասթափեցնենք մարդկանց, ովքեր տարիներով աշխատել են, գիտելիքներ են ձեռք բերել, անցել են ծանր, երբեմն հակասական ճանապարհ և ունեն տեսլական, կամք ու ցանկություն պետության համար ինչ–որ քայլեր անելու՝ նոր, հետաքրքիր, հանրության համար ավելի հասանելի ու արդյունավետ բժշկական կենտրոն ստեղծելու, օգտակար լինելու»,– ասաց Վարդանյանը։

Նա համաձայն չէ հանձնաժողովի որոշման հետ, ըստ որի 2 թեկնածուները շեմը չեն անցել։ «Ես կցանկանայի, որ առողջապահության նախարարությունն այս կարողությունները, հնարավորություններն օգտագործեր պետական հատվածում զարգացում ապահովելու համար։ Կարծում եմ՝ որոշումը աղերս չուներ ոչ թեկնածուների պատրաստվածության, ոչ իրենց պատասխանների հետ։ 2-ն էլ անցել են շեմը, երկուսն էլ պիտանի են, չանցնելը այլ պատճառներ ունի։ Դա քաղաքական ոոշում էր․ որոշեցին տնօրենի ընտրությունը հետաձգել»,– ասաց Վարդանյանը։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2–ին առողջապահության նախարարությունում անցկացվեց Սբ. Գրիգոր Լուսավորիչ ԲԿ–ի տնօրենի մրցույթ, որի ժամանակ հաղթող մասնակից չեղավ։ Տնօրենի պաշտոնի համար պայքարում էին առողջապահության կազմակերպիչ, Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի նախկին տնօրեն Նարեկ Վանեսյանը, և ՔՊ–ական նախկին պատգամավոր, առողջապահության կազմակերպիչ Նարեկ Զեյնալյանը։