Քիմիական կենսաբանության և հիմնարար բժշկության ինստիտուտի գիտնականները ստեղծել են ծածկույթ ուռուցքաբանական հիվանդությունների բուժման և ախտորոշման մեջ օգտագործվող նանոմասնիկների համար: Այն նվազեցնում է թունավորությունը, մեծացնում է մասնիկների ուռուցքային բջիջներին մատակարարման արդյունավետությունը և վերահսկում է նանոմասնիկների չափը դրանց սինթեզի ընթացքում: Բացի դրանից, մագնիսական նանոմասնիկները կարելի է կիրառել որպես կոնտրաստային նյութ՝ ուռուցքների ախտորոշման համար՝ օգտագործելով մագնիասառեզոնանսային շերտագրություն: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Magnetochemistry բժշկագիտական հանդեսում:
Խառը երկաթի օքսիդի նանոմասնիկներն օժտված են մագնիսական հատկություններով, որոնց շնորհիվ դրանք հաստատուն մագնիսական դաշտի ազդեցության տակ կարող են մատակարարվել ուռուցքի գոտի, իսկ փոփոխական մագնիսական դաշտի ազդեցության տակ ի վիճակի են տաքանալ՝ առաջացնելով տեղային գերտաքացում և ոչնչացնելով քաղցկեղի բջիջները, գրում է «Научная Россия»-ն: Միևնույն ժամանակ, խառը երկաթի օքսիդի նանոմասնիկները թունավոր են ակտիվ թթվածնային տեսակների առաջացման պատճառով, և իրենց մագնիսական հատկությունների շնորհիվ դրանք հակված են ագրեգացման. միմյանց ձգելով՝ դրանք ավելի խոշոր մասնիկներ են ստեղծում: Սակայն, կենսաբժշկության համար դրանց չափը չպետք է գերազանցի 200 նյուտոն-մետրը։
Գիտնականներին հաջողվել է ստեղծել նանոմասնիկների համար ծածկույթ, որը կանխում է դրանց ագրեգացիան և նվազեցնում թունավորությունը։
Մագնիսական նանոմասնիկները կարող են կիրառվել տարբեր տեսակի ուռուցքների թերանոստիկայում («therapy» և «diagnostics» բառերից կազմված հասկացություն, համատեղում է ախտորոշումը, թիրախային թերապիան և բուժման ազդեցության մոնիթորինգը-խմբ.), որոնց տեղայնացումը հարմար է մագնիսական դաշտի միջոցով ներարկման համար։ Օրինակ, սա արգանդի վզիկի քաղցկեղն է կամ հաստ աղիքի քաղցկեղը։ Այնուամենայնիվ, որոշակի մեթոդներ հնարավորություն են տալիս մոտենալ գլիոմաների բուժմանը։ Հետազոտական խմբի սկզբնական նպատակն է պայքարել ուղեղի ուռուցքների դեմ։
Գիտնականները միաժամանակ տարբեր տեսակի գործողությունների մի քանի դեղամիջոցներ մեկ նանոմասնիկին կցելու եղանակներ են փնտրում։ Ներկայիս աշխատանքը վերաբերում է քիմիաթերապիայի և ցածր մոլեկուլային զանգվածի դեղամիջոցների համադրությանը, ինչպես նաև գենային թերապիային հակաիմաստային օլիգոնուկլեոտիդներով (oligonucleotide- քիմիական սինթեզի կամ ավելի երկար պոլինուկլեոտիդների կտրման միջոցով ստացվող ԴՆԹ-ի կամ ՌՆԹ-ի կարճ հատված։ Օգտագործվում են որպես զոնդեր կամ պրայմերներ՝ նուկլեինաթթվի կարճ հատված -խմբ.)։






