Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի քիմիկոսները մշակել են մանր ցցահերքերի տեսքով նանոմասնիկներ, որոնք թույլ են տալիս միաժամանակ մինչև երեք տեսակի դեղամիջոցներ ներմուծել քաղցկեղի ուռուցքների մեջ: Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Nature Biotechnology (NatBio) բժշկագիտական  հանդեսում:

Ներկայում ուռուցքաբանության մեջ կիրառվում են հակամարմին-դեղամիջոց կոնյուգատներ (ADC)՝ հակամարմիններ, որոնց կցվում են քիմիաթերապևտիկ դեղամիջոցների մոլեկուլները: Այդ մոտեցումը հնարավորություն է տալիս թիրախային հարձակում իրականացնել ուռուցքի վրա՝ նվազեցնելով բուժման կողմնակի ազդեցությունները: Սակայն գոյություն ունեցող ADC-ները սահմանափակում ունեն. մեկ հակամարմինին կարող են կցվել միայն մի քանի դեղամիջոցի մոլեկուլներ, ուստի կարող են օգտագործվել միայն ամենաուժեղ միացությունները, որոնք ոչնչացնում են ԴՆԹ-ն կամ խոչընդոտում բջջային բաժանումը:

Հնարավոր դեղամիջոցների շրջանակը ընդլայնելու համար պրոֆեսոր Ջերեմիա Ջոնսոնի թիմն օգտագործել է նախկինում ստեղծված պոլիմերային «վրձին» մասնիկներ: Դրանք բաղկացած են հիմքից, որին կցվում են տասնյակ կամ նույնիսկ հարյուրավոր նախադեղամիջոցի մոլեկուլներ՝ ոչ ակտիվ միացություններ, որոնք ակտիվանում են օրգանիզմի ներսում: Նման մասնիկները ոչ միայն հնարավորություն են տալիս մատակարարել շատ ավելի ակտիվ նյութեր, այլև համատեղել ճիշտ համամասնություններով տարբեր դեղամիջոցներ։

Օգտագործելով սեղմման քիմիայի եղանակը (click chemistry)՝ հետազոտողները համատեղել են այդ «վրձիններից» մեկը, երկուսը կամ երեքը ուռուցքը թիրախավորող հակամարմնի հետ։ Արդյունքում ստացված հակամարմին-վրձին կոնյուգատը (ABC) կարող է տեղափոխել հարյուրավոր դեղամիջոցի մոլեկուլներ՝ տասնյակ անգամ ավելի, քան առկա ADC-ները։

Կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղով հիվանդ մկների վրա կատարված փորձերի ժամանակ նոր տեխնոլոգիան ապացուցել է իր բարձր արդյունավետությունը. ուռուցքների մեծ մասը բուժումից հետո անհետացել է։ Հեղինակների հավաստիացմամբ՝ ապագայում հակամարմին-վրձինները կարող են հարմարեցվել քաղցկեղի տարբեր տեսակների՝ փոխարինելով միայն հակամարմիններին։

«Մենք ոգևորված ենք այս տեխնոլոգիան օգտագործելու հեռանկարով՝ ստեղծելու նոր դեղամիջոցների համակցություններ, որոնք կարող են քաղցկեղի բուժումն ավելի արդյունավետ և անվտանգ դարձնել»,- նշել է Ջոնսոնը։