Ագրեսիվ վարքագծին նայելը կարող է մեծացնել բռնության հակումը։ Այս եզրակացությանն են հանգել Հարավային համալսարանի բժշկական դպրոցի նյարդաբանները։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են JNeurosci ամսագրում։

Հետազոտողների մի խումբ փորձ է անցկացրել մկների վրա. արու կրծողներին տեղադրել են խցիկում, որտեղից նրանք դիտել են, թե ինչպես են ծանոթ կամ անծանոթ անհատները հարձակվում մյուսների վրա: Պարզվել է, որ ծանոթ անհատների կողմից ագրեսիայի դիտարկումը մեծացրել է դիտորդների մոտ թշնամանքն ու կոնֆլիկտը, մինչդեռ անծանոթների վարքագիծը նման ազդեցություն չի ունեցել:

Գիտնականների կարծիքով, սոցիալական կապերը կարևոր դեր են խաղում ագրեսիայով «վարակման» գործում: Հետազոտողները այս երևույթի մեխանիզմը կապել են նշագեղձի որոշակի խմբի նեյրոնների ակտիվության հետ, որը ուղեղի այն հատվածն է, որը պատասխանատու է ագրեսիվ վարքի համար: Նեյրոնները ակտիվացել են միայն այն ժամանակ, երբ մկները տեսել են ծանոթ անհատների ագրեսիան:

«Փորձի արդյունքները օգնում են ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարող են սոցիալական միջավայրը և ուրիշների վարքագծի դիտարկումը ազդել ագրեսիվ ռեակցիաների զարգացման վրա, ինչը կարևոր է նաև մարդու հոգեբանության ուսումնասիրության համար», - եզրակացրել են աշխատանքի հեղինակները։

Գիտնականները նաև ենթադրել են, որ մարդկանց մոտ (հատկապես տղամարդկանց) բռնության հակվածության զարգացումը կարող է աշխատել նմանատիպ կերպ: