ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը մշտադիտարկման արդյունքում պարզել է, որ 13 բժշկական կազմակերպությունների կողմից պետական պատվերի շահառու հանդիսացող քաղաքացիներից նվիրատվության ձևով անհիմն ստացվել են գումարներ, մինչդեռ տվյալ ծառայությունների ֆինանսավորումն իրականացվել է պետական պատվերի շրջանակներում: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնել են Պետական վերահսկողական ծառայությունից։

«Ծառայության կողմից իրականացվում է մշտադիտարկում՝ պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության ու սպասարկման ծառայություններ ստացած բուժառու կամ վերջիններիս մերձավոր անձանց կողմից բժշկական կազմակերպություններին կատարված նվիրաբերությունների գործընթացի օրինականության նկատմամբ», – ասվում է մեր հարցմանն ի պատասխան ՊՎԾ–ի գրության մեջ։

13 բուժհաստատությունները արդեն իսկ բուժառուներին հետ են վերադարձրել շուրջ 140 մլն դրամ:

«Հարկ է նշել, որ վերահսկողությունը շարունակվում է և ներկայումս տարվում են աշխատանքներ՝ մնացած քաղաքացիներից ստացված հավելյալ գումարները բժշկական կազմակերպությունների կողմից քաղաքացիներին հետ վերադարձնելու ուղղությամբ», – ասվում է գերատեսչության պատասխանում։  

«Ինչ վերաբերում է վերոնշյալ գումարներից գանձված հարկերը բժշկական կազմակերպություններին վերադարձնելու հարցին, ապա հարկ է նշել, որ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հարկային հաշվարկում սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում կարող են ներկայացվել ճշտված հարկային հաշվարկներ...», ուստի յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն կարող է ինքնուրույն  ճշգրտումներ իրականացնել  լիազոր մարմնի՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետ», – ասվում է ՊՎԾ–ի պատասխան գրության մեջ։