Դեղորայքակայուն սունկը արագորեն տարածվում է եվրոպական հիվանդանոցներում և առողջապահական մարմինները կոչ են անում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել դրա դեմ պայքարելու համար։
Այս սունկը՝ Candidozyma auris-ը կամ C. auris-ը, հեշտությամբ է տարածվում բժշկական հաստատություններում։ Ինֆեկցիաները կարող են լինել լուրջ, հատկապես արդեն իսկ հիվանդացած պացիենտների համար, ասվում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) նոր զեկույցում, հաղորդում է Euronews-ը։
Ըստ ECDC-ի տվյալների՝ 2013-ից 2023 թվականներին Եվրոպական միությունում և հարակից երկրներում գրանցվել է հիվանդության ավելի քան 4000 դեպք, ընդ որում, ժամանակի ընթացքում դեպքերի թիվը զգալիորեն աճել է։
Հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Իսպանիայում, Հունաստանում, Իտալիայում, Ռումինիայում և Գերմանիայում, իսկ Կիպրոսը, Ֆրանսիան և Գերմանիան հայտնել են վերջին բռնկումների մասին։ 2023 թվականին սունկը, որը նախկինում հայտնի էր որպես Candida auris, հայտնաբերվել է 18 երկրում։
Եվրոպայի որոշ հատվածներում C. auris-ն այժմ «այնքան տարածված է, որ բռնկումներն արդեն անհնար է առանձնացնել, այն գրեթե էնդեմիկ է հիվանդանոցներում», - ասել է ECDC-ի՝ հակամանրէային կայունության և բժշկական օգնության հետ կապված վարակների գծով խմբի ղեկավար Դիամանտիս Պլաչուրասը։
Սակայն զոհերի իրական թիվը, ամենայն հավանականությամբ, նվազեցված է։ Նոր զեկույցում ներառված 36 եվրոպական երկրներից միայն 17-ն ունեն C. auris-ի դեմ պայքարի ազգային ծրագրեր, իսկ միայն 15-ն ունեն վարակների կանխարգելման և վերահսկման հատուկ ուղեցույցներ։
Սնկի՝ մակերեսների և բժշկական սարքավորումների վրա գոյատևելու, ինչպես նաև հիվանդների միջև արագ տարածվելու ունակությունը նրա դեմ պայքարը դժվարին խնդիր է դարձնում, կարծում են ECDC-ում։ Հիվանդանոցների համար նախատեսված սովորական ոչ բոլոր ախտահանիչներն են արդյունավետ դրա դեմ, ուստի կանոնավոր մաքրությունը բավարար չէ դրա տարածումը կանխելու համար։
Վարակված մարդկանց մոտ կարող է ջերմություն բարձրանալ և դող առաջանալ, սակայն C. auris-ը չունի ախտանիշների ընդհանուր շարք։ Դրանք կարող են տարբեր լինել՝ կախված նրանից, թե որտեղ է տեղի ունեցել վարակումը՝ արյան հոսքում, վերքի մեջ, թե՞ ականջներում։
Ըստ Պլաչուրասի՝ բռնկումները հայտնաբերելու համար անհրաժեշտ է լաբորատոր հետազոտություններ անցկացնել։
C. auris-ի մասին առաջին անգամ հայտարարվել է Ճապոնիայում՝ 2009 թվականին։ Ըստ Պլաչուրասի՝ որևէ երկրում սնկի առաջին հայտնաբերումից հետո ընդամենը մի քանի տարի է անցնում, մինչև այն լայնորեն տարածվում է։
Ըստ Պլաչուրասի՝ սունկը սովորաբար հայտնվում է, երբ պացիենտը սկզբում հոսպիտալացվում է մեկ այլ երկրում, որտեղ առկա է C. auris-ը, իսկ հետո այն տեղափոխում է նոր երկիր։
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) երկրներին և առողջապահական համակարգերին կոչ է արել ակտիվացնել վաղ հայտնաբերման և վերահսկողության ջանքերը՝ սնկի տարածումը դադարեցնելու համար։
«Սա շատ տագնապալի է և անշուշտ, սպառնալիք է Եվրոպայի հիվանդանոցների պացիենտների անվտանգության համար», - ասել է Պլաչուրասը։






