Ճապոնիայի գիտության և տեխնոլոգիաների Նարա ինստիտուտի գիտնականները պարզել են, որ shootin1b գենի աննորմալ ակտիվությունը օգնում է գլիոբլաստոմայի (ուղեղի ուռուցք) բջիջներին ավելի արագ տարածվել հյուսվածքներում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Science (AdvSci) ամսագրում։
Գլիոբլաստոման համարվում է ուղեղի քաղցկեղի ամենաագրեսիվ և մահացու տեսակներից մեկը։ Ուռուցքը հաճախ ախտորոշվում է ուշ փուլում, իսկ դրա բջիջները հեշտությամբ «տարածվում» են հյուսվածքներում, ինչը անարդյունավետ է դարձնում վիրաբուժական հեռացումը և բուժման այլ մեթոդները։ Այսօր գլիոբլաստոմայով հիվանդների հնգամյա գոյատևման ցուցանիշը չի գերազանցում 5%-ը։
Ճապոնացի հետազոտողները ուշադրություն են դարձրել shootin1b գենին, որը պատասխանատու է բջիջների շարժման համար։ Նորմալ պայմաններում այն օգնում է իմունային բջիջներին տեղաշարժվել՝ վարակներին արձագանքելու համար։ Սակայն ուռուցքային բջիջներում այս մեխանիզմը գործում է աննորմալ։ Արդյունքում գլիոբլաստոմայի բջիջները ձեռք են բերում մի տեսակ «քարշող ուժ», որը թույլ է տալիս նրանց արագ շարժվել առաջ և գրավել ուղեղի նոր հատվածներ։
Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ Shootin1b սպիտակուցը հատուկ մոլեկուլային «բռնակներ» է ձևավորում, որոնք բջջի ներքին կառուցվածքները կապում են դրա շրջակայքի հետ։ Սա բջջի ներսում տեղի ունեցող շարժումը վերածում է ուժի, որը բառացիորեն առաջ է մղում այն։ Նման մեխանիզմը իդեալական է արագ տարածման համար և ուռուցքը էլ ավելի վտանգավոր է դարձնում։
«Shootin1b-ի աննորմալ ակտիվությունը ճնշելով՝ մենք կարող ենք կանգնեցնել գլիոբլաստոմայի բջիջների միգրացիան և դանդաղեցնել հիվանդության զարգացումը։ Այս գենը կարող է դառնալ ուղեղի քաղցկեղի բուժման նոր թերապևտիկ թիրախ», - նշել է հետազոտության ղեկավար, պրոֆեսոր Ինագակին։
Գիտնականների կարծիքով՝ այս հայտնագործությունը կարող է ճանապարհ բացել դեպի նոր դեղամիջոցների ստեղծում, որոնք կարգելափակեն քաղցկեղի բջիջների տեղաշարժը։






