Խոլեստերինի մակարդակն իջեցնող դեղամիջոց ատորվաստատինը մեծացնում է լյարդի քաղցկեղի բուժման արդյունավետությունը: Նման եզրակացության են հանգել Հոնկոնգի համալսարանի (HKUMed) գիտնականները: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Journal of Hepatology (JHepa) բժշկագիտական հանդեսում:
Լյարդի քաղցկեղն ամենամահացու ուռուցքաբանական հիվանդություններից մեկն է. այն հաճախ հայտնաբերվում է ուշ փուլերում, երբ վիրաբուժական միջամտությունն այլևս հնարավոր չէ: Բուժման կանխատեսումը հատկապես վատ է նյութափոխանակությանն առնչվող և բարձր ճարպային սննդակարգից առաջացող ստեատոտիկ լյարդի հիվանդությունից (MASLD, նախկինում՝ NAFLD) տառապող բուժառուների շրջանում:
Մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ ատորվաստատինը կարող է արգելափակել մևալոնատային ուղին՝ նյութափոխանակության մեխանիզմ, որն ուռուցքային բջիջներին հնարավորություն է տալիս խուսափել ծրագրավորված բջջային մահից: Այդ ուղին առանձնապես ակտիվ է լյարդի քաղցկեղի դեպքում, որը կապված է լյարդի ճարպային հիվանդության հետ:
Բացի դրանից, գիտնականները պարզել են, որ ատորվաստատինի համադրությունը գոյություն ունեցող բուժման եղանակների հետ զգալիորեն ուժեղացնում է դրանց ազդեցությունը: Դեղամիջոցն ինքնին դանդաղեցրել է ուռուցքի աճը 33%-ով: Հակա-PD-1 իմունաթերապիայի հետ համատեղելիս ուռուցքի զանգվածը նվազել է 45%-ով, իսկ լենվատինիբ դեղամիջոցի կիրառման դեպքում՝ 58%-ով:
Ըստ հետազոտողների՝ այս մոտեցումը կարող է զգալիորեն բարելավել լյարդի բջջային քաղցկեղի բուժման արդյունավետությունը և փոխել լյարդի ճարպային հիվանդությանն առնչվող քաղցկեղով բուժառուների կանխատեսումը, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ հիվանդության տարածվածությունը շարունակում է աճել ամբողջ աշխարհում:






