Լունդի համալսարանի գիտնականները ստեղծել են նոր թվային ճանաչողական թեստ՝ BioCog-ը, որը բժիշկներին կօգնի առաջնային օղակի նույնականացնել Ալցհայմերի հիվանդության զարգացման ռիսկերի ենթակա հիվանդներին և նրանց ուղեգրել հետագա հետազոտությունների: Աշխատանքը հրապարակվել է Nature Medicine բժշկագիտական  հանդեսում:

BioCog-ը պլանշետի վրա ինքնուրույն կատարվող թեստ է, որը բուժառուից պահանջում է նվազագույն ժամանակ և գրեթե չի պահանջում բժշկական անձնակազմի ներգրավվածություն: Այն գնահատում է հիշողությունը (բառերի մտապահումը և վերարտադրությունը), ուշադրությունը և տեղեկվությունների մշակման արագությունը, ժամանակի մեջ կողմնորոշումը և նախկինում սովորած բառերը ճանաչելու ունակությունը:

Ավանդական «թղթային» թեստերից տարբերվող թվային տարբերակը գրանցում է ավելի շատ ցուցանիշներ. օրինակ՝ արձագանքման արագությունը կամ ճիշտ պատասխանը գտնելու համար անհրաժեշտ ժամանակը:

Ալցհայմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված պատճառն է: Նոր դեղամիջոցների ի հայտ գալով, որոնք դանդաղեցնում են դրա զարգացումը, հատկապես կարևոր է ճշգրիտ և վաղ ախտորոշում կատարելը:

Այսօր ֆոսֆորիլացված տաու սպիտակուցի արյան անալիզը, որը հնարավորություն է տալիս բարձր ճշգրտությամբ հայտնաբերել պաթոլոգիան, հասանելի է միայն մասնագիտացված կլինիկաներում: BioCog-ը կօգնի կլինիկայում նախնական նշանակման փուլում որոշել, թե ում է իսկապես անհրաժեշտ նման հետազոտությունը։

Թեստը փորձարկվել է ճանաչողական ունակությունների գանգատներ ունեցող ավելի քան 600 բուժառուների վրա: Գիտնականները նշում են, որ դրա օգտագործումը արյան հետազոտւոթյունների հետ համատեղ զգալիորեն մեծացնում է ախտորոշման ճշգրտությունը և հեշտացնում բժիշկների ընդհանուր աշխատանքը։

«Մեր թվային թեստը տալիս է ճանաչողական խանգարման օբյեկտիվ պատկերն ավելի վաղ փուլում և ավելի մեծ ճշգրտությամբ, քան ստանդարտ եղանակները: Դա կօգնի ժամանակին պարզել, թե որ բուժառուներին կարող է անհրաժեշտ լինել Ալցհայմերի հիվանդության դեմ նոր դեղորայքային թերապիա»,- նշել է Լունդի համալսարանի նյարդաբանության պրոֆեսոր Օսկար Հանսոնը: