ԱՄՆ Չեսթերֆիլդ շրջանի բնակչուհի Բեքա Ջոնսոնն իր երրորդ հղիության մասին իմացել է, երբ արդեն ծննդաբերության շեմին է եղել, հայտնում է WWBT-ն։

Ջոնսոնը պատմել է, որ ինը ամիս շարունակ չի կասկածել իր հղիության մասին։ Առաջին անսովոր զգացողություններն ի հայտ են եկել սեպտեմբերի 9-ին, երբ նա արթնացել է որովայնի ստորին հատվածի ուժեղ ցավով և դիմել հիվանդանոց։

Բժիշկները ենթադրել են, որ պատճառը կարող են լինել երիկամների հետ կապված խնդիրները կամ ձվարանների կիստաները։ Զննման ժամանակ Ջոնսոնը զուգարան գնալու ուժեղ ցանկություն է զգացել։ Նա կարծել է, թե դա սովորական փորկապություն է, մինչև այն պահը, երբ ոտքերի արանքում տեսել է երեխայի գլուխը։ Մի քանի րոպե անց նա արդեն գրկել է նորածին դստերը։ Ինչպես պարզվել է, առավոտյան նա տառապել է ծննդաբերության ցավերից (ծննդաբերական կծկումներից)։

Ամերիկուհին երրորդ երեխայի ծնունդը համարում է իսկական հրաշք։ Նա պատմել է, որ ամուսնության առաջին տարիներին ամուսնու հետ բուժվել են անպտղությունից։ 2016 թվականին ծնվել է նրանց առաջին դուստրը, ինչը բժիշկները մեծ հաջողություն են համարել։ 2024 թվականին ընտանիքը երկրորդ դուստրն է ունեցել։