Առաջին մամոգրաֆիան բաց թողնող կանայք կրծքագեղձի քաղցկեղից մահանալու 40%-ով ավելի բարձր ռիսկ ունեն, քան նրանք, ովքեր ժամանակին են անցնում սքրինինգային հետազոտությունները։ Այս եզրակացությանն են հանգել Շվեդիայի Կարոլինսկա ինստիտուտի հետազոտողները, որոնք իրենց աշխատանքը հրապարակել են British Medical Journal (BMJ)-ում։
Հետազոտության ընթացքում վերլուծվել են գրեթե 500 հազար կանանց տվյալները, որոնք առաջին անգամ մամոգրաֆիա են անցել 1991-2020 թվականներին:
Մասնակիցների 32%-ը չի մասնակցել առաջին սքրինինգին և նրանց հետագա հետազոտություններին ենթարկվելու հավանականությունը զգալիորեն ցածր էր։
Այս խմբում ավելի հավանական է, որ կրծքագեղձի քաղցկեղն ախտորոշվի ավելի ուշ փուլերում:
25 տարվա դիտարկման ընթացքում մահացության մակարդակը առաջին սքրինինգը բաց թողած կանանց շրջանում կազմել է 9,9 դեպք հազարի հաշվով, մինչդեռ նրանց մոտ, ովքեր անցել են հետազոտությունը, այն կազմել է 7 դեպք հազարի հաշվով։ Ընդ որում, հիվանդացության մակարդակը երկու խմբերում եղել է մոտավորապես նույնը, ինչն ընդգծում է վաղ ախտորոշման առանցքային նշանակությունը։
Գիտնականները նշում են, որ առաջին մամոգրաֆիան կարող է կարևորագույն նշանակություն ունենալ ռիսկի կանխատեսման և ապագա մահացու ելքերի կանխարգելման համար։






